Տասնհինգ երկրի քաղաքացիների կեսից ավելին պատրաստ է կենսաթոշակային միջոցները կուտակել վաղ տարիքից. HSBC հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC խմբի անցկացրած հետազոտության շրջանակում պարզ է դարձել, որ «Կուտակեք վաղ տարիքից» խորհուրդը հարցմանը մասնակցած կենսաթոշակառուների 53 տոկոսի համար լավագույն ֆինանսական խորհուրդն է եղել։ Այս մասին ասվում է HSBC Բանկ Հայաստանի` «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ, որում ներկայացված են հետազոտության արդյունքները։

The Future of Retirement («Կյանքը թոշակի անցնելուց հետո») հետազոտությունը HSBC–ն անցկացնում է կանոնավոր կերպով` սկսած 2005թ.–ից։ Ծրագրի մասնակից է դարձել 125 հազար մարդ։  Հերթական հետազոտությանը մասնակցել է 16 հազար մարդ աշխարհի 15 երկրից (Ավստրալիա, Կանադա, Եգիպտոս, Ֆրանսիա, Հոնկոնգ, Հնդկաստան, Մալազիա, Մեքսիկա, Սինգապուր, Թայվան, ԱՄԷ, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ)։

Հետազոտությունը ցույց տվեց, որ հարցման մասնակիցների 66 տոկոսի եկամուտները կրճատվել են թոշակի անցնելուց հետո, ընդ որում 21 տոկոսի եկամուտները կրկնակի են կրճատվել։

«The Future of Retirement»–ի արդյունքները ցույց տվեցին, որ Երկրի յուրաքանչյուր ութերորդ աշխատող բնակիչ (12%) կարծում է, որ երբեք չի կարող իրեն թույլ տալ ամբողջովին թոշակի անցնել և չաշխատել։  Միաժամանակ այս տարի անցկացված հարցման մասնակիցների 42 տոկոսն ակնկալում է 57 տարեկանում թոշակի անցնել կիսով չափ, իսկ կիսով չափ թոշակի անցած աշխատողների 64 տոկոսը գերադասում է ավելի երկար ժամանակ աշխատել լրիվ դրույքաչափով:

Բացի այդ, հետազոտության համաձայն, թոշակի անցնելու տարիքը մոտենալուն պես մարդիկ ավելի են սկսում մտածել աշխատանքը շարունակելու մասին` 55-64 տարեկան մարդկանց 17%-ը նշել է, որ ամենայն հավանականությամբ կշարունակի աշխատել անորոշ ժամանակով, մինչդեռ 25-34 տարեկանների դեպքում այս ցուցանիշը կազմում է 10%:

«Այսօր, երբ Հայաստանը կանգնած է կենսաթոշակային բարեփոխումների շեմին, կարծում ենք, որ մեր հաճախորդների համար չափազանց օգտակար կլինեն ֆինանսական խորհուրդներն ու այն մարդկանց գիտելիքները, ովքեր արդեն անցել են կենսաթոշակային և դրա պլանավորման բոլոր փուլերը: HSBC–ն «The Future of Retirement» հետազոտությունն իրականացնում է սկսած 2005թ.-ից, ուստի մեր հաճախորդները կարող են օգտվել աշխարհի տարբեր երկրներում ապրող ավելի քան 250,000 մարդկանց կարծիքներից և նրանց քաղած դասերից: Մեր նպատակն է օգնել հաճախորդներին իրականացնել թե՛ իրենց և թե՛ իրենց ընտանիքների երազանքները, հույսերն ու ձգտումները՝ հնարավորություն ընձեռելով նրանց կառավարել ոչ միայն այսօրվա ընթացիկ ֆինանսները, այլ նաև երկարաժամկետ ֆինանսական պլանները»,– ասել է  Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարիամ Ադամյանը։

HSBC–ի հետազոտությունը նաև բացահայտել է, որ պետական նպաստները և թոշակները կազմում են միջինը 37%, իսկ պատասխանողների 52 տոկոսի ծախսերը թոշակի անցնելուց հետո մնացել են նույնը կամ ավելացել են։

Թոշակառուների 63%-ն իրենց կենսաթոշակը պլանավորել են ոչ պաշտոնական եղանակով, և թոշակառուների միայն 26 տոկոսն է օգտվել ֆինանսական խորհրդատուի ծառայություններից։ Միաժամանակ հարցվողների 56 տոկոսը շարունակում է թոշակի անցնելուց հետո կուտակել ապագայի համար և միայն 38 տոկոսն է, որ ամսական խնայողություններ չի անում։

HSBC–ի խորհրդատուները հետազոտությունից հետո որոշ խորհուրդներ են պատրաստել, որոնք կարող են հետագայում օգտակար լինել թոշակառուների համար։  Այսպես, փորձագետները խորհուրդ չեն տալիս շտապել թոշակի անցնելու հարցում և, ըստ նրանց, պետք չէ հիմնվել կենսաթոշակային եկամտի մեկ աղբյուրի վրա։ Բացի այդ, նրանք խորհուրդ են տալիս թոշակի անցնելու հետո իրատեսորեն մոտենալ հնարավոր ծախսերին։

Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011թ.-ի հունվարի 1-ից՝ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման միջոցով: 2014թ.-ի հունվարի 1-ից երկրում կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի պարտադիր կարգով, որում կներառվեն 1974թ.-ի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները:

Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագա կենսաթոշակառուն ձևավորել սեփական կենսաթոշակի չափը։ Կուտակային կենսաթոշակային համակարգից 2014 թվականից կկարողանան օգտվել 40 տարեկանից ցածր բոլոր աշխատողները, ինքնազբաղվածները և գյուղացիները։ Աշխատակիցներն ամսական իրենց կուտակային հաշվին կուղղեն աշխատավարձի չափի 5 տոկոսը: Եվս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ, կներդնի պետությունը։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img