«ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն այսօր հուշագիր են ստորագրել` «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշել է, որ իրենք հիմա բանակցություններ են վարում նաև այլ կազմակերպությունների հետ, որպեսզի ծրագրում ընդգրկված ֆինանսական կառույցների թիվն ավելանա:

«Շուկան բաց է, և որքան շատ լինեն մատակարարներն ու ֆինանսական կառույցները, այդքան ավելի մատչելի կլինի մեր գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների և կոոպերատիվների համար տեխնիկայի ձեռքբերումը», – ասել է նա:

«ԱԳԲԱ Լիզինգի» գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն իր հերթին նշել է, որ այս հուշագիրը ֆերմերներին հնարավորություն կընձեռի գյուղտեխնիկա ձեռք բերել աննախադեպ պայմաններով և հիմք կհանդիսանա իրենց բիզնեսի ընդլայնման համար:

«Վաղվանից ֆերմերներն արդեն կարող են մեզ դիմել, առավելագույնս օպերատիվ և արագ կփորձենք արձագանքել բոլոր հայտերին», – հավելել է նա:

ՀՀ ԿԱ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը տեղեկացրել է, որ մեծ է նաև գյուղատնտեսական գործիքների պահանջարկը:

Հաղորդագրության համաձայն, ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ և սրսկիչներ:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20 % կանխավճար, տարեկան 2 % լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

«ԱԳԲԱ Լիզինգը» 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը:

«ԱԳԲԱ Լիզինգը» Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: Ընկերության կողմից ֆինանսավորման գերակա ուղղությունն է էներգախնայող և էներգաարդյունավետ սարքավորումների ֆինանսավորումը, որն այժմ իրականացվում է ընկերության կողմից 2014թ. ստեղծված «Գրին Լիզինգ» ենթաբրենդի միջոցով: ​​

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img