ՀՀ ԿԲ-ն հրապարակել է վիրտուալ ակտիվների թողարկման, շրջանառության  կարգավորման և վերահսկողության վերաբերյալ մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն հրապարակել է վիրտուալ ակտիվների (կրիպտոակտիվների) թողարկման, շրջանառության  կարգավորման և վերահսկողության վերաբերյալ մոտեցումները:

Ավելի վաղ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ  ՀՀ կենտրոնական բանկը մտադիր է Ազգային ժողով ներկայացնել կրիպտոարժույթների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն։

ԿԲ-ի հայտարարության մեջ նշվում է, որ վիրտուալ ակտիվների ի հայտ գալուն զուգընթաց առաջացող ռիսկերին համարժեք արձագանքելու նպատակով Կենտրոնական բանկը մշտադիտարկում է վիրտուալ ակտիվների ոլորտի զարգացումները թե՛ Հայաստանում, և թե՛ աշխարհում:

«2018 թվականին Կենտրոնական բանկը հանդես է եկել վիրտուալ ակտիվների վերաբերյալ հայտարարությամբ, որով հասարակությանը տեղեկացրել է վիրտուալ ակտիվներով կատարվող գործարքների բարձր ռիսկայնության և վտանգավորության մասին: Վերջին տարիներին վիրտուալ ակտիվների շրջանառության ծավալների աճի պարագայում ակնհայտ են դարձել դրանց հետ կապված մի շարք խնդիրներ», – նշվում է հայտարարության մեջ:

Խնդիրներ թվում են.

• վիրտուալ ակտիվներում անհատների ներդրումների աճը տեղի է ունենում վերջիններիս շահերի ոչ բավարար պաշտպանվածությամբ, միջոցների ոչ բարեխիղճ պահպանության գործընթացներով և տեղեկատվության, իրացվելիության և գնագոյացման անբավարար թափանցիկությամբ,

• վիրտուալ ակտիվների ոլորտը բնորոշվում է տարբեր կրիպտոհամակարգերի փոխկապվածության մեծ աստիճանով, մեկ կազմակերպությունում կամ խմբում կուտակված գործառույթների ուղղահայաց ինտեգրված խոցելի կառուցվածքներով, կառավարման ոչ պատշաճ համակարգերով, պարտավորությունների էական բարձր մակարդակով՝ պարունակելով ի թիվ այլոց շահերի բախումների և ֆինանսական կայունության ռիսկեր,

• վիրտուալ ակտիվներով կատարվող գործարքների անանունությունը և անդրսահմանային գործարքների ծավալները բարձրացնում են դրանց հետ կապված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը,

• վիրտուալ ակտիվներով մատուցվող մի շարք ծառայություններ իրենց բովանդակությամբ նման են ավանդական ֆինանսական ծառայություններին, հետևաբար պետք է կարգավորվեն նույն օրենսդրությամբ, սակայն փաստացի գործող օրենսդրությունից դուրս են գործում, ինչն ավանդական ֆինանսական ծառայություններ մատուցողների համար ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ:

Ստանդարտներ սահմանող միջազգային կազմակերպությունները (IOSCO, FSB, IMF, BIS, FATF) հստակ դիրքորոշում են հայտնել՝ կարևորելով բոլոր երկրների կողմից վիրտուալ ակտիվների միասնական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ պայմանավորված վիրտուալ ակտիվների շուկայի չտեղայնացված (վիրտուալ) բնույթով և անդրսահմանային շրջանառությամբ։

«Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այս ոլորտի հետ կապված համաշխարհային զարգացումները, Կենտրոնական բանկը նախաձեռնել է վիրտուալ ակտիվների համապարփակ կարգավորման ու վերահսկողության արդյունավետ մոդելի մշակման և ներդրման միջոցառումներ», – նշվում է հաղորդագրության մեջ:

Արդյունավետ կարգավորման համար Կենտրոնական բանկը հիմք է ընդունելու «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքը, համաձայն որի՝ այն վիրտուալ ակտիվներով ծառայություններ մատուցողները, որոնք առաջարկում են ավանդական ֆինանսական գործունեությանը նմանատիպ ծառայություններ, պետք է կարգավորվեն նույն ձևով:

Կարգավորումը հնարավորություն է տալու համարժեք արձագանքել վիրտուալ ակտիվների ոլորտում  առկա և հնարավոր ռիսկերին՝ միաժամանակ հստակ իրավական դաշտ ստեղծելով վիրտուալ ակտիվների ոլորտում նորարարությունների և տեխնոլոգիաների զարգացման համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img