ML Fashion-ի 500 մլն դրամի պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայկական նորաձևության մանրածախ շուկայում գործող «ML FASHION» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում:

Անցած շաբաթ բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը, որն ազդարարել է ընկերության մուտքը կապիտալի շուկա:

ML FASHION-ի՝ 500 մլն դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսերը կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Կցուցակվեն 5000 հատ պարտատոմսեր՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13.00% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է «Cube Invest» ներդրումային ընկերության միջոցով։

«ML FASHION» ՍՊԸ–ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ:

Այսուհետ ներդրողները օգոստոսի 26-ից կարող են մասնակցել ընկերության պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով Cube Invest ներդրումային ընկերություն։

«Սա շատ ողջունելի քայլ է առհասարակ մեր տնտեսության համար, որովհետև նորաձևության ոլորտից քիչ ընկերություններ ունենք, որոնք ներկա են կապիտալի շուկայում։ Սա կրկին անգամ փաստ է առ այն, որ պետք չէ վախենալ կապիտալի շուկայից միջոցներ ներգրավել, այլ ընդհակառակը, պետք է լինել խիզախ և քաջ, գործել թափանցիկ, ինչպես թողարկողներն են գործում, ի դեմս նաև, օրինակ, ML FASHION ընկերության և հասարակությունից ներգրավել միջոցներ պարտատոմսերի, բաժնետոմսերի տեսքով», – հայտարարել է ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

 Խոսելով Cube Invest–ի մասին՝ Եգանյանը նշեց, որ այն առաջատար ներդրումային ընկերություններից մեկն է, որը տեղաբաշխումների կարևորագույն կազմակերպիչներից է:

«Ըստ էության, ինչ էլ անես, եթե չկա ներդրումային ծառայություն մատուցող ընկերություն, միանշանակ չի կարող զարգանալ կապիտալի շուկան։ Կապիտալի շուկան զարգանում է Cube Invest ընկերության նման ընկերությունների ակտիվությամբ», – ընդգծել է նա։

«Ընկերության համար սա նոր քայլ է, զարգացման նոր ուղի, ըստ էության, որը հնարավորություն է տալիս ընկերությանն օգտվել ժամանակակից կապիտալի շուկայի առաջարկած այնպիսի գործիքներից, ինչպիսին պարտատոմսն է», – ասաց «ML FASHION» ՍՊԸ–ի խորհրդի նախագահ Եղիշե Դանիելյանը։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ նա նշեց, որ միջոցները, որոնք ներգրավվել են պարտատոմսերի միջոցով, ուղղվելու են զարգացման ռազմավարությամբ ուղղված նպատակների իրականացմանը․ էլ ավելի զարգացնել ընկերությունը, ընդլայնել գործող խանութների ցանցը, ներգրավել նոր ապրանքանիշեր։

«Մեզ համար սա գործընկերության սկիզբ է, որովհետև, ինչպես փորձը ցույց է տալիս, կապիտալի շուկաները մեկանգամյա չեն լինում։ Սա բավականին տևական պրոցես է», – ասաց «Cube Invest» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

Նրա խոսքով, ML FASHION–ի պարտատոմսերի նկատմամբ պահանջարկ է եղել ինչպես մանրածախ, այնպես էլ ինստիտուցիոնալ ներդրողների կողմից։

 «Ցանկանում եմ նշել, որ վերջին շրջանում կառավարության կողմից սուբսիդավորման ծրագրի շրջանակներում բավականին մեծ ակտիվություն է նկատվում, և թողարկողների մեծ հոսք է նկատվում կապիտալի շուկաներ, ինչը շատ ողջունելի է ցանկացած զարգացած և զարգացող ֆինանսական երկրում», – ասաց նա՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ML FASHION–ի մասին

Հիմնադրվելով 2017 թվականին՝ «ML FASHION» ՍՊԸ-ն այսօր նորաձևության մանրածախ ոլորտի զարգացող ընկերություններից է Հայաստանում՝ իր գործունեության շրջանակում ներկայացնելով միջազգային ճանաչում ունեցող նորաձևության ապրանքանիշներ։

Ընկերության գործունեությունը մեկնարկել է 2018 թվականին՝ Zarina ապրանքանիշի առաջին խանութի բացմամբ։ Հետևողական զարգացման արդյունքում ընկերությունն այսօր ունի 14 գործող խանութից բաղկացած ցանց՝ ներառյալ Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում գործող մասնաճյուղերը։

2025 թվականին ընկերությունը հայկական շուկայում ներկայացրել է իսպանական նորաձևության հայտնի Punt Roma ապրանքանիշը՝ մեկ տարվա ընթացքում Երևանում բացելով երկու խանութ-սրահ։ Ընկերությունը շարունակելու է ընդլայնել իր ապրանքանիշների և խանութների ցանցը՝ միաժամանակ զարգացնելով թվային վաճառքի և հաճախորդների սպասարկման լուծումները։

Պարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավված միջոցները կուղղվեն ընկերության զարգացման ռազմավարական ուղղությունների ֆինանսավորմանը՝ նոր ապրանքանիշերի և տեսականու ներմուծմանը, Zarina և Punt Roma ապրանքանիշների հետագա զարգացմանը, խանութների ցանցի ընդլայնմանը, ինչպես նաև Վրաստանի շուկա մուտք գործելու ծրագրի իրականացմանը։

Cube Invest–ի մասին

«Cube Invest»-ը Հայաստանի առաջատար ներդրումային ընկերություններից է, որը մասնագիտացած է կապիտալի շուկաներում, ներդրումային պորտֆելներում և պարտատոմսերի տեղաբաշխման մեջ: Ընկերությունը ձգտում է ապահովել թափանցիկ և վերահսկելի ներդրումային միջավայր՝ առաջարկելով մասնագիտական խորհրդատվություն և հուսալի լուծումներ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ մասնավոր ներդրողներին:

 Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (օգոստոսի 24–30)

Անցյալ շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը որոշվել է Կենտրոնական բանկի կողմից գնաճի և դրամավարկային քաղաքականության փոխանցման, միջազգային պահուստների վիճակի և պետության պարտքի պարամետրերի վերաբերյալ ազդանշաններով։

Հայաստանի պահուստների ռեկորդային աճը՝ մինչև 6,9 մլրդ դոլար, հունիսին ապահովել է բուֆեր բարձր աշխարհաքաղաքական ռիսկերի պայմաններում․ S&P

Վերլուծաբանները նշում են, որ աճը պայմանավորված է պետական եվրապարտատոմսերի թողարկմամբ, Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնումներով և արտերկրից զգալի ֆինանսական ու կապիտալի ներհոսքերով

Հայաստանի բանկերի ներդրումների պորտֆելը II եռամսյակում կազմել է 1,93 տրլն դրամ՝ տարեսկզբից գրանցելով 9,5%–ի անկում

Միայն երկրորդ եռամսյակում բանկերի ներդրումային պորտֆելը նվազել է 280,76 մլրդ դրամով կամ 12,68%-ով

Հայաստանում բանկային տոկոսադրույքները դանդաղ  են արձագանքում ԿԲ տոկոսադրույքի նվազեցմանը․ կարգավորիչ

Կարգավորողը նշում է, որ հաշվետու ժամանակահատվածում տնտեսության առանձին հատվածներում բարձր ակտիվության ֆոնին պահպանվել է վարկավորման բարձր պահանջարկը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img