Անցած 2010 թ.-ը հայկական տնտեսության վերականգնման ժամանակահատված էր

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. 2010 թվականը կարելի է բնութագրել որպես հայկական տնտեսության աստիճանաբար, բայց կայուն վերականգման տարի, ուրբաթ հանրապետության 2010 թ.-ի պետբյուջեի հաշվետվության խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«2010 թվականին իրականացված ծրագրերի ամենազգալի արդյունքը կայանում է նրանում, որ այն հակաճգնաժամային միջոցառումները, որ մենք իրականացրել էինք 2009-2010 թվականների ընթացքում, սկսեցին տալ իրենց դրական արդյունքները: 2010 թվականը կարելի է բնութագրել որպես աստիճանաբար, բայց կայուն վերականգման տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք աշխատել շատ պարզ և հասկանալի հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության ներքո», – ասել է Սարգսյանը:

Մասնավորապես, նրա խոսքերով, էապես բարելավվել են ենթակառուցվածքները մեծածավալ պետական ներդրումների միջոցով, բարելավվել է բիզնես միջավայրը և առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել փոքր և միջին բիզնեսի համար, ինչպես նաև խթանվել են կոնկրետ ծրագրեր, որոնք բերելու են հայկական տնտեսության դիվերսիֆիկացիայի աստիճանի բարձրացմանը:

Ներկայացնելով մակրոտնտեսական ցուցանիշները՝ վարչապետը նշել է, որ ` համախառն ներքին արդյունքի աճը ծրագրավորված 1.2 տոկոսի փոխարեն կազմեց 2.1 տոկոս: Նա չափազանց կարևորել է համախառն ներքին արդյունքի կառուցվածքը` մասնավորապես արդյունաբերությունում մարձանագրվել է 10.5 տոկոս աճ, մշակվող արդյունաբերությունում` 13.6 տոկոս աճ, հանքարդյունաբերությունում` 19.1 տոկոս աճ, ծառայությունների ոլորտը՝ 4,5 տոկոս աճ:

«Հասկանալի է, որ մակրոտնտեսական ցուցանիշները կլինեին ավելի բարվոք, և ՀՆԱ-ի ցուցանիշը կրկնակի անգամ կլիներ ավելի բարձր, եթե գյուղատնտեսության ոլորտում չլիներ աննախադեպ անկում` 15.7 տոկոս, որը պայմանավորված էր այլ հանգամանքների հետ միասին նաև բնակլիմայական պայմաններով», – ասել է Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ 2010 թ.-ին գրանցվել է նաև արտահանման ցուցանիշները էական աճ, ինչի հաշվին ներքին առևտրային հաշվեկշիռը 1.3 տոկոսով բարելավվել է ի հաշիվ նրա, որ արտահանման տեմպերը գերազանցել են ներմուծման աճի տեմպերին, ինչպես նաև բարելավվել է արտաքին առևտրային հաշվեկշիռը:

Նա ընդգծել է, որ սրանք դրական միտումներ են, որոնք Հայաստանը պետք է պահպանի մոտակա երեք տարիների ընթացքում, որպեսզի նաև բյուջեի պակասուրդը նվազի` հասնելով ծրագրային ցուցանիշներին:

Վարչապետը նշել է, որ բյուջեի դեֆիցիտը 7.7 տոկոսային կետից 2010 թվականին էապես նվազել է և կազմել է 5 տոկոս: Սա նշանակում է, որ արտաքին պարտքի սպասարկման տեսակետից և մակրոտնտեսական ցուցանիշներ ապահովելու տեսակետից Հայաստանը հայտնվելու է ավելի բարվոք միջավայրում:

Նրա խոսքերով՝ 2010 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 780 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2009 թվականի ցուցանիշը 13 %-ով, իսկ ծախսային մասը գերազանցել է 2009 թվականի նույնանուն ցուցանիշը մոտ 3%-ով:

«Սա կարևոր ցուցանիշ է մեզ համար, քանի որ 2009թ. պետբյուջեի ծախսերը ֆինանսավորելու համար աննախադեպ մեծ ծավալի պարտքեր ներգրավվեցինք, որպեսզի ի վիճակի լինենք չկրճատելու պետբյուջեի ծախսերը, իսկ 2010թ. արդեն հիմնականում ծախսերը կատարվել են մեր եկամուտների հաշվին և բյուջեի դեֆիցիտի կրճատման պայմաններում այնամենայնիվ մենք կարողացել ենք շուրջ 3 տոկոսով ավելացնել մեր ծախսերը», – ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ 2010 թվականի վերջին գնաճի մակարդակը կազմել է 9.4%, որի պայմանավորող հիմնական գործոնները երկուսն են` հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային գների բարձրացումը և նախորդ տարի գյուղատնտեսական ապրանքների առաջարկի աննախադեպ անկման հետևանքով վերջիններիս բարձր գների պայմանները: Նշված գնաճի 5 տոկոսային կետը եղել է ի հաշվի գյուղմթերքների գների աճի, իսկ 2.4 տոկոսային կետը` ներմուծվող ապրանքների գների աճի:

2010 թ.-ին իրականացված աշխատանքների թվում վարչապետը նշել է ենթակառուցվածքների վերականգնմանը, ինտերնետի և համակարգչային դպրոցների զարգացմանն ուղղված խոշորամասշտաբ ծրագրերի իրագործումը, աղետի գոտում բնակարանների կառուցման խոշորամասշտաբ ծրագրերը, երիտասարդ ընտանիքների համար բնակարանների կառուցումը: Գործարար միջավայրի, ձեռնարկությունների գրանցման և էլեկտրոնային հարկային հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերի դյուրացմանը, հարկային դաշտի դյուրացմանը, փոքր և միջին ձեռնարկությունների համար տեսչական ստուգումների բացառմանը, հարկային արտոնությունների տրամադրմանն ուղղված աշխատանքներ են իրականացվել: Բացի այդ, սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում երկիր է ներմուծվել հացահատիկի էլիտար սերմեր, կաթնատու և կաթնամսատու տոհմային երինջներ: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Սոլիս» ՓԲԸ-ի 2 մլն դոլարի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Կցուցակվեն 20,000 հատ պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 48 ամիս շրջանառության ժամկետով

ԿԲ-ն զգուշացնում է բանկային հաշիվների հետ կապված զեղծարարական սխեմաների մասին

Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ հանցագործները քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում՝ օգտագործելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվի հաշիվները (այսուհետ՝ հաշիվներ), ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակները կամ քարտերը՝ հանցավոր ճանապարհով ստացված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումն ու շահառուներին թաքցնելու նպատակով։

Հայաստանում ուժի մեջ են մտել նոր պահանջներ բանկերի նկատմամբ․ դրանք վերաբերում են միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի վերահսկողությանը

Հայաստանում 2026 թվականի օգոստոսի 12-ից ուժի մեջ են մտել բանկերի համար միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի կառավարման նոր պահանջները

Հայկական դրամն ամրապնդվել է դոլարի նկատմամբ փոխարժեքը․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 0․1 կետով և կազմել 427․31 դրամ, ռուբլին աճել է 0․02 կետով և կազմել 4․3722 դրամ

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, մինչդեռ եվրոն աճել է. ԿԲ

2026 թ.-ի օգոստոսի 17-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ օգոստոսի 14-ի համեմատ նվազել է 0,32 կետով և կազմել 365,82 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img