Հայաստանի եվրոպարտատոմսերը պահպանել են կայունությունը, չնայած Ղարաբաղում գրանցված իրավիճակը սրմանը

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. 2016 թվականի ապրիլի 2-5-ը արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության աննախադեպ աճի հետևանքով ՀՀ 4 տարի ժամկետայնությամբ եվրոպարտատոմսի եկամտաբերությունն աճել է 23 բազիսային կետով, ինչը համահունչ է ՀՀ եվրոպարտատոմսի եկամտաբերության առօրյա բնականոն փոփոխություններին, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ:

Ապրիլի 5–ին Bloomberg գործակալությունը նշել է, որ մինչև 2020 թվական մարման ժամկետով հայկական եվրոպարտատոմսերի գինը նվազել է մարտական գործողությունների երկրորդ օրը, իսկ դրանց եկամտաբերությունն աճել է 16 կետով` հասնելով 6,52 տոկոսի։

ՀՀ ԿԲ–ի համաձայն` ինչպես բոլոր եվրոպարտատոմսերի, այնպես էլ ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերությանը բնորոշ է որոշակի տատանողականություն, որն արդյունք է ներդրողների կողմից ռիսկի գործոնների նկատմամբ դրսևորած արձագանքի։

ՀՀ եվրոպարտատոմսն ունի նաև առօրյա բնականոն տատանումներ, որոնք գործնականում չափվում են ստանդարտ շեղման ցուցանիշի միջոցով: Վերջինս իրենից ներկայացնում է միջինի նկատմամբ միջին օրական փոփոխության բացարձակ մեծությունը և 4 տարի ժամկետայնության ՀՀ եվրոպարտատոմսի օրական շարքերի համար կազմում է 65 բազիսային կետ:

Միաժամանակ ԿԲ–ն նշում է, որ նախկինում սահմանային լարվածության միջադեպերը ՀՀ եվրոպարտատոմսի վրա ունեցել են առավել նշանակալի ազդեցություն։

Այսպես, ըստ ԿԲ–ի, 2014 թվականի օգոստոսի 1-5-ին հայ ադրբեջանական սահմանին լարվածության աճին ՀՀ եվրոպարտատոմսն արձագանքել է 74 բազիսային կետով,

2014 թվականի նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցման հետևանքով լարվածության աճին՝ 33 բազիսային կետով, 2015 թվականի օգոստոսի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը Արցախն ուժով հետ վերադարձնելու վերաբերյալ՝ 41 բազիսային կետով, 2015 թվականի սեպտեմբերի վերջին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին՝ 43 բազիսային կետով:

«Սկզբնական շրջանում ՀՀ եվրոպարտատոմսի արձագանքը սահմանային լարվածության միջադեպերին եղել է ավելի կտրուկ, սակայն ժամանակի ընթացքում ներդրողների կողմից տարածաշրջանային իրադարձությունների և ռիսկերի առավել մանրամասն ուսումնասիրության արդյունքում շուկայի արձագանքը նմանատիպ իրադարձություններին դարձել է առավել հավասարակշռված», – նշում են ԿԲ–ից։

Հատկանշական է, որ տարվա սկզբից ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերությունները, ինչպես նաև ՀՀ դրամով պետական պարտատոմսերի եկամտաբերությունները, անկախ ապրիլյան դեպքերից, նվազել են:

Հայաստանն այսօրվա դրությամբ իրականացրել է եվրոպարտատոմսերի երկու թողարկում։ Առաջինն իրականացվել է 2013 թ.–ի սեպտեմբերի 19–ին, երբ թողարկվեցին 700 մլն դոլարի եվրոպարտատոմսեր` 6% տարեկան եկամտաբերությամբ և 7 տարի մարման ժամկետով (մինչև 2020 թ.–ի մարտի 30–ը)։ Միաժամանակ, այս պահին առաջին թողարկումից շրջանառության մեջ են գտնվում 500 մլն դոլար պարտատոմսեր, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունը գնել է 200 մլն դոլարը։ Երկրորդ թողարկումն իրականացվել է 2015 թ.–ի մարտի 26–ին` 500 մլն դոլար ծավալով և 7,15 տոկոս եկամտաբերությամբ, 10 տարի մարման ժամկետով (մինչև 2025 թ.–ի մարտի 26–ը)։

ՀՀ ԿԲ–ի տվյալներով` հայկական եվրոպարտատոմսերով երկրորդային շուկայում իրականացված գործարքների ծավալը 2015 թ.–ին կազմել է 110,36 մլն դոլար` 6,46 տոկոս միջին եկամտաբերությամբ։ Միաժամանակ 2015 թ.–ի սկզբին հայկական պարտատոմսերը հիմնականում թանկացել են, եկամտաբերությունը տատանվել է 6–6,4 տոկոսի սահմանում, իսկ տարեվերջին արժեզրկվել են` հասնելով 7 տոկոսի։ 2016 թ.–ի սկզբին, հանրապետությունում դոլարի փոխարժեքի աճի ֆոնին, պարտատոմսերի արժեզրկման միտումը դեռ շարունակվում էր` 7 տոկոսի մակարդակում։ Սակայն մարտին, ազգային արժույթի ամրապնդման պայմաններում, եվրոպարտատոմսերը սկսեցին թանկանալ, դրանց միջին եկամտաբերությունը կազմեց 6,44 տոկոս։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով

Ճամփորդությունն արդեն վաղուց պարզապես ուղղություն ընտրելու մասին չէ․ այն դարձել է նոր փորձառություններ ձեռք բերելու, տարբեր մշակույթներ բացահայտելու և հիշողություններ ստեղծելու միջոց

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Միջոցառումը համախմբել էր վազքի սիրահարներին՝ ստեղծելով սպորտի, երաժշտության և դրական էներգիայով ի յուրահատուկ մթնոլորտ

Դոլարը հասել է 13 ամսվա ընթացքում առավելագույն ցուցանիշին ՝ ԴՊՀ–ի հետագա քայլերի սպասումների ֆոնին

ԱՄՆ դոլարը չորեքշաբթի հասել է 13 ամսվա ընթացքում առավելագույն ցուցանիշին համաշխարհային հիմնական արժույթների զամբյուղի նկատմամբ՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության հետագա խստացման սպասումների ֆոնին

Եվրոյի փոխարժեքը նվազել է, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․94 կետով և կազմել 419․65 դրամ, ռուբլին նվազել է 0․0499 կետով և կազմել 4․9314 դրամ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 15–21)

Հայաստանում ֆինանսական շաբաթն անցել է Կենտրոնական բանկի որոշումների, պետական պարտքի պարամետրերի քննարկման, գնաճային դինամիկայի և բանկային հատվածում ինստիտուցիոնալ փոփոխությունների ֆոնին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img