Wed, 18 February
10.1 C
Yerevan
USD: 376.83 RUB: 4.91 EUR: 446.28 GEL: 140.74 GBP: 512.34

Կառավարություն–ԿԲ համագործակցության ամենակարևոր նպատակը քաղաքացիներին նոր հնարավորությունները հասանելի դարձնելն է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը;

Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հարգարժան նախագահ, կենտրոնական բանկի հարգելի ներկայացուցիչներ, բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Առիթ չի եղել ասելու, կարծում եմ՝ այսօր լավ առիթ է այդ թեմային անդրադառնալու. տարվա ամենամեծ սենսացիաներից մեկը թերևս դրամի վարքագիծն էր Հայաստանում քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակաշրջանում: Ինչպես դեռևս շատ շատերի համար հասկանալի չէ, թե ինչ և ինչպես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իմաստով, նաև շատ շատերին հասկանալի չէ, թե ինչպես եղավ, որ, այնուամենայնիվ, այդ քաղաքական գործընթացների համատեքստում հայկական արժույթը զարմանալի կենսունակություն ցուցաբերեց, և դա իսկապես շատ կարևոր ցուցանիշ է: Իհարկե, մենք գիտենք, ես գիտեմ, որ նաև դա այստեղ ներկա մարդկանց հետևողական, քրտնաջան և նվիրված աշխատանքի արդյունք է, և ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար»,– նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարն` ավելացնելով, որ այս ընթացքում ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցությունն իսկապես շատ ակտիվ է եղել։

«Մենք շատ հաճախ քննարկումներ ենք ունենում՝ և՛ ռազմավարական, և՛ մարտավարական բնույթի: Մեր համագործակցության ամենակարևոր և հիմնական նպատակը, օբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, մարդիկ, ում կյանքը բարելավելը և ում համար նոր հնարավորությունները հասանելի դարձնելը կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության հիմնական նպատակն է: Այս ընթացքում մենք հասցրել ենք արդեն մի քանի ծրագրեր իրագործել, որոնց արդյունքում մարդիկ շատ կոնկրետ փոփոխություններ պիտի զգան իրենց ամենօրյա կյանքում: Մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացման, իրագործման փուլում են, և իհարկե, կան մի քանի նախագծեր, որոնք քննարկումների, գաղափարների փուլում են: Համոզված եմ՝ քննարկումների արդյունքում նույնպես կունենանք կոնկրետ լուծումներ»,– ընդգծել է Փաշինյանը։

Նրա խոսքով, կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության իմաստն իսկապես շատ հստակ արձանագրված է՝ «քաղաքական այն իրավիճակը, որ կա Հայաստանի Հանրապետությունում, ամենակարևոր նշանակությամբ, նոր հնարավորությունների ստեղծումն է մարդկանց, տնտեսվարողների, բիզնես գործունեության համար»:

«Կենտրոնական բանկի և բանկային համակարգի գործունեության և կառավարության հետ համագործակցության հիմնական իմաստը պետք է լինի, որ այդ քաղաքական հնարավորությունները՝ դե յուրե հռչակված և քաղաքական առումով իսկապես գոյություն ունեցող հնարավորությունները՝ դե ֆակտո հասանելի լինեն մարդկանց: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կենսունակ գաղափարներն իսկապես պատշաճ, տրամաբանական ֆինանսավորում ունենալու հնարավորություն ստանան: Այս գործում իսկապես դժվար է գերագնահատել կառավարության, Կենտրոնական բանկի և ընդհանրապես բանկային համակարգի համագործակցությունը: Մենք այս ընթացքում մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել բանկային համակարգի ներկայացուցիչների հետ, ըստ էության, ձևավորել ենք օրակարգ, կոնկրետ հարցեր, որոնց լուծումները պետք է բերեն մեր հռչակած նպատակների իրագործմանը», – նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատաը` համոզմունք հայտնելով, որ 2019 թվականին այս տրամաբանությունը նոր թափ և ուժ է ստանալու:

«Բոլոր առումներով 2018 թվականի համար նախատեսված գործերն արված են, և, հետևաբար, 2019 թվականը հենց առաջին աշխատանքային օրից կարող ենք սկսել նոր թափով, նոր էներգիայով, նոր օրակարգով և, իհարկե, համապետական և ժողովրդական նոր ամբիցիաներով: Հույս ունեմ, որ Հայաստանի բանկային համակարգը կկարողանա աջակից և նեցուկ լինել պետական և ժողովրդական այդ հավակնությունների, նպատակների, իղձերի իրականացմանը», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Նա շնորհավորել է գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, շնորհակալություն հայտնել այս ընթացքում կառուցողական և արդյունավետ համագործակցության համար:

«Համոզված եմ, որ 2019 թվականին այդ եռանդը, համագործակցությունը և, իհարկե, արդյունքները կկրկնապատկվեն և կեռապատկվեն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», – եզրափակել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սոցիալական ծախսերի փոխհատուցման համար էլեկտրոնային ստորագրությունը կմնա պարտադիր. կառավարությունն ընդունեց նախագիծը

Նախորդ տարի կատարված փոփոխություններով էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը

ԿԲ–ն սահմանել է անկանխիկ վճարումների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր որոշ տնտեսվարողների համար

ԿԲ խորհուրդը ընդունել է որոշում, որով սահմանվում են անկանխիկ գործառնությունների, մասնավորապես՝ ֆիզիկական POS տերմինալներով իրականացվող քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերը՝ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար

«ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանում բազմաճյուղ գործունեություն ծավալող ընկերություններից մեկը՝ «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, այսօր պաշտոնապես մուտք է գործում կապիտալի շուկա՝ ցուցակելով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում

Վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը․ Պապոյան

Փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը՝ ողջ ծավալով

Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ (ՎԻԴԵՈ)

Նախաձեռնությունը նպատակ ունի իրազեկել բոլորին կամավոր արյունատվությանը մասնակցելու կարևորության մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img