Wed, 18 February
13.2 C
Yerevan
USD: 376.83 RUB: 4.91 EUR: 446.28 GEL: 140.74 GBP: 512.34

Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է հատկացրել Հայաստանին կորոնավիրուսով հիվանդների ինտենսիվ թերապիայի համար

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/․ Արձագանքելով COVID-19 համավարակի արագ տարածմանն աշխարհում և վերջերս նաև Հայաստանում՝ Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին, նշվում է ՀԲ-ի մամուլի հաղորդագրության մեջ։

«ՀՀ առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելումն և վերահսկում» ընթացիկ ծրագրի  շրջանակներում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության  50 սարք՝ 1.35 միլիոն դոլար արժողությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գնումը կիրականացվի արտակարգ իրավիճակներում Համաշխարհային բանկի արագացված ընթացակարգերի կիրառմամբ։ Համաշխարհային բանկի տրամադրած նեղ մասնագիտական փորձագիտության շնորհիվ կատարվել է շուկայի արագ վերլուծություն՝ բուժսարքավորումների գլոբալ առաջարկի խիստ կրճատման և աճող գների պայմաններում «արժեք փողի դիմաց» սկզբունքն ապահովելու նպատակով։ Արդյունքում Հայաստանի առողջապահական համակարգը կզինվի լրացուցիչ բարձրորակ սարքերով, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային հիվանդության ավելացող հաստատված դեպքերի բուժման համար։

«Այս հանկարծահաս իրավիճակում Բանկը պատրաստ է՝ աջակցելու համավարակի ազդեցության մեղմացմանը նպաստելու Հայաստանի արձագանքին։ Ցանկանում եմ բարձրաձայնել Հայաստանի բուժաշխատողների աննախադեպ նվիրումն՝ ի պաշտպանություն բնակչության։ Նաև հորդորում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ամենայն խստությամբ հետևել արտակարգ իրավիճակի կանոններին և պահպանել սոցիալական հեռավորությունն ու կատարել մեկուսացման միջոցառումները, որոնք ուղղված են համավարակի ազդեցության մինիմալացմանը»,-նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

Նույն մոտեցումը կկիրառվի օդափոխության հավելյալ սարքերի, ինչպես նաև անձնական պաշտպանիչ սարքավորումների ձեռքբերման գործընթացում՝ առողջապահության հրատապ կարիքները բավարարելու նպատակով։ Բացի այդ, Համաշխարհային բանկը պատրաստ է վերածրագրավորելու Հայաստանում իր ընթացիկ ծրագրերի պորտֆելը՝ տարբեր ոլորտներում COVID-19 –ին հակազդելու ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու նպատակով։

Համաշխարհային բանկի ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը սերտորեն համակարգվում է մյուս միջազգային կազմակերպությունների և զարգացման ֆինանսական հաստատությունների օժանդակության հետ։ Մասնավորապես, վերոնշյալ սարքավորումների գնումն իրականացվելու է անմիջականորեն Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունների մատակարարման խողովակներով՝ հաշվի առնելով գլոբալ շուկայում ինտենսիվ թերապիայի այստեսակ սարքավորումների մասով առկա սահմանափակումները։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Համաշխարհային բանկի խումբը գործողության մեջ է դնում 14 միլիարդ դոլար արժողությամբ արագ արձագանքման փաթեթ՝ զարգացող երկրներում COVID-19-ի նկատմամբ հակազդումն ուժեղացնելու և վերականգնման փուլի հասնելու ընթացքը կրճատելու նպատակով։ Անմիջական հակազդումը ներառում է ֆինանսավորում, քաղաքականության մասով խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն, որը երկրներին կօգնի հաղթահարել համավարակի առողջապահական և տնտեսական հետևանքները։

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 8 միլիարդ դոլարի ֆինանսավորում է տրամադրում ի աջակցություն համավարակից տուժած մասնավոր ընկերությունների և աշխատատեղերի պահպանման։ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Զարգացման միջազգային ասոցիացիան (IBRD and IDA) նախնական 6 միլիարդ ԱՄՆ դոլար են հատկացնում առողջապահության ոլորտում արձագանքմանը։

«Քանի որ երկրներն ավելի ընդգրկուն աջակցության կարիք ունեն, Համաշխարհային բանկի խումբը 15 ամսվա ընթացքում 160 միլիարդ դոլար կներգրավի աղքատ ու խոցելի խավին պաշտպանելու, բիզնեսներին աջակցելու և տնտեսության վերականգնմանն օժանդակելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կառավարությունը կսահմանի չհարկվող եկամուտների ցանկը

Մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Աշտարակ քաղաքում վերաբացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված...

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․07 կետով և կազմել 449․99 դրամ, ռուբլին նվազել է 0․0079 կետով և կազմել 4․8812 դրամ

Սոցիալական ծախսերի փոխհատուցման համար էլեկտրոնային ստորագրությունը կմնա պարտադիր. կառավարությունն ընդունեց նախագիծը

Նախորդ տարի կատարված փոփոխություններով էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը

Անհուսալի վարկերի մասնաբաժինը նվազման միտում ունի․ դրանք 2%-ից ցածր են․ ՀԲՄ նախագահ

Անհուսալի վարկերի մասնաբաժինը համակարգում նվազման միտում ունի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img