Ամունդի-Ակբան առաջին ուղղակի ներդրումն է կատարել հայաստանյան բաժնետոմսերում

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/.  «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունն իր կառավարման ներքո գտնվող Հավասարակշռված և Պահպանողական կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից խոշոր  ներդրում է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության բաժնետոմսերում՝  առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ընկերության ներդրումը կազմում է տեղաբաշխվող բաժնետոմսերի ընդհանուր ծավալի 20%-ը, որը համարժեք է 1 միլիարդ 648 միլիոն ՀՀ դրամին։

Սա նախադեպ է հայաստանյան կուտակային կենսաթոշակային ֆոնդերի շուրջ տասնամյա գործունեության մեջ, երբ ֆոնդերի միջոցներից ուղղակի ներդրում է կատարվում տնտեսության իրական հատվածում՝ ձեռք բերելով հայկական ընկերության բաժնետոմսեր։  

«Ամունդի-Ակբայի կողմից իրականացրած ներդրումը ոչ միայն մեծացնում է կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների դիվերսիֆիկացիան, այլև հնարավորություն է ընձեռում Հավասարակշռված և Պահպանողական ֆոնդերի շահառուներին դառնալ Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության անուղղակի բաժնետեր՝ օգտվելով վերջինիս զարգացման հեռանկարներից։ Այս քայլով Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն նպաստում է կապիտալի շուկայի զարգացմանը և կարող է լավ օրինակ հանդիսանալ այլ ընկերությունների համար»,- նշել է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։

Բարձր գնահատելով Ամունդի-Ակբայի ներդրումը հայկական ընկերությունում՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է․ «Ամունդի-Ակբայի այս քայլով ֆոնդի մոտ 400 հազար շահառու անուղղակի կերպով դառնում է մեր ընկերության բաժնետեր։ Նման խոշոր միջազգային ֆինանսական կառույցի ներդրումը ցուցիչ է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղեգծով և մեր երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը մշակված են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը համապատասխան։ Շնորհակալ եմ մեր թիմի հանդեպ ունեցած վստահության համար»։

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն իրականացվելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխողն է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը։

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2023թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 377 մլրդ դրամ ակտիվներ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2023թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ շուրջ 2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 65 մասնաճյուղ։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ

Team Telecom Armenia-ն տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունն առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։

Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին։

Ամերիաբանկ ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դրամի և ռուբլու փոխարժեքները փոքր-ինչ աճել են. ՀՀ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի նոյեմբերի 17-ին  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ կազմել է 360.51 դրամ, ինչը նոյեմբերի 16-ի համեմատ աճել է 0.07 դրամով։

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

Wilco Wealth Management-ը հաղթող է ճանաչվել WealthBriefing MENA Awards 2026 մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում։ Մրցանակը շնորհվել է ընտանեկան կառավարման (family governance), իրավահաջորդության և ժառանգների կրթության թեմաները Հայաստանում օրակարգ բերելու ուղղությամբ ընկերության ջանքերի համար։

Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ենոքավանի լեռներում՝ Օկոնի հին գյուղատեղի տարածքում, ամուսիններ Արմանն ու Սահականուշը հիմնել են «Օկոն» հյուրատուն-քոթեջները, որտեղ կարելի է հասնել ձիով, քայլարշավով կամ ամենագնաց մեքենաներով

CUBE Invest-ը ներգրավել է 5 մլրդ դրամ․ որքա՞ն կարելի է վաստակել պարտատոմսերով, և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտաբերությունը, ինչի՞ն է ընկերությունը նախատեսում ուղղել ներգրավված միջոցները և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել․ այս հարցերին է անդրադարձել CUBE Invest-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img