Հայաստանի արտարժույթի շուկայում անհրաժեշտ է ապահովել անընդհատ իրացվելիություն և արդար գնագոյացում. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/.   Հայաստանի կենտրոնական բանկի գլխավոր խնդիրներից մեկը արտարժույթի շուկայում անընդհատ իրացվելիության և արդար գնագոյացման ապահովումն է, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ արտարժույթի շուկայի խորությունը կրիտիկական նշանակություն ունի կապիտալի շուկայի զարգացման համար։

«Թեև մենք հաճախ ենք քննարկում տեղական արժույթով պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկաների զարգացումը, օտարերկրյա ներդրողների ներգրավումը և գնորդների կողմից բավարար պահանջարկի ապահովումը նույնպես կախված են նրանից, թե որքան հեշտությամբ ներդրողները կարող են բացել և փակել դիրքերը տեղական արժույթով»,- ասել է Գալստյանը Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված միջազգային համաժողովում։

ԿԲ նախագահի խոսքով՝ եթե ներդրողները վստահ չեն անհրաժեշտության դեպքում հայկական դրամով խոշոր դիրքերը փոխարկելու հնարավորության մեջ, նրանք զգալիորեն ավելի քիչ հակված կլինեն ներդրումներ կատարել տեղական արժույթով կապիտալի շուկայում։

Նշելով, որ Հայաստանի արտարժույթի շուկան դեռևս հարաբերականորեն փոքր է՝ Գալստյանը պարզաբանել է, որ զարգացող շուկաներով երկրներում, ինչպիսիք են Լեհաստանը և Ղազախստանը, արտարժութային սփրեդները գտնվում են շատ ցածր մակարդակում՝ մոտ 0,007%, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը մոտ է 1%-ին, ինչը էական տարբերություն է։

ՀՀ գլխավոր դրամատան նախագահը նաև նշել է, որ զարգացող շուկաներում միջին օրական արտարժութային շրջանառության տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի արտարժույթի շուկայի իրացվելիությունը մնում է համեմատաբար ցածր։

«Արդյունքում արտարժույթի շուկան կարող է այնքան էլ հեշտությամբ չկլանել խոշոր դիրքերը, իսկ զգալի գործարքները կարող են առաջացնել գների նկատելի տատանումներ»,- ասել է նա։

ԿԲ քաղաքականության հնարավոր ուղղությունների թվում Գալստյանը նշել է AMX-ի գործող արտարժութային հարթակում մասնակցության ընդլայնումը, ինչը կօգնի շուկային «կլանել» խոշոր դիրքերը։

«Այժմ մասնակիցներն են բանկերը, ապահովագրական ընկերությունները, վարկային կազմակերպությունները և ներդրումային ընկերությունները։ Մենք դիտարկում ենք, թե արդյոք ներդրումային հիմնադրամների կառավարիչները կամ իրական հատվածի խոշոր ընկերությունները, հատկապես՝ արտահանողներն ու ներկրողները, նույնպես կարող են մասնակցել և լրացուցիչ իրացվելիություն բերել»,- ասել է նա։

Բացի այդ, ըստ Գալստյանի, կարգավորողը դիտարկում է շուկայավարողների  ինստիտուտի զարգացումը՝ արտարժույթի շուկայում անընդհատ երկկողմանի գնանշումներ ապահովելու համար։

«Մենք պետք է դիտարկենք շուկա ստեղծողների գործունեության խթանները, ինչպիսիք են կարգավորող առավելությունները կամ առևտրային հարթակի միջնորդավճարների զեղչերը»,- նշել է նա։

Մեկ այլ ուղղություն, ինչպես պարզաբանել է Գալստյանը, կարող է դառնալ խոշոր արտարժութային գործարքները բրոքերային խողովակներով իրականացնելու պահանջը՝ դիլերային կատարման փոխարեն։

«Դա կնվազեցներ շահերի բախումը, կբարելավեր գների թափանցիկությունը, ինչպես նաև կամրապնդեր վստահությունը ինստիտուցիոնալ ներդրողների շրջանում»,- ասել է նա։

Հայաստանի ֆոնդային բորսայի տվյալներով՝ ընթացիկ տարվա ապրիլին AMX արտարժութային հարթակում ԱՄՆ դոլարի փոխարկման ծավալը կազմել է շուրջ 364 մլն դրամ՝ 5 գործարքով։ Ամսվա ընթացքում փոխարժեքը տատանվել է մեկ դոլարի դիմաց 370,75–376,5 դրամի սահմաններում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img