Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «դրական» կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը։

«Դրական» կանխատեսումն արտացոլում է Հայաստանի միջազգային պահուստների ավելի բարձր մակարդակը, շարունակվող վստահ աճը, որը միջնաժամկետ հեռանկարում կաջակցի պարտքի կայունացմանը, ինչպես նաև երկարամյա աշխարհաքաղաքական ռիսկերի բարելավման հեռանկարները։ ԱՄՆ-ի կողմից աջակցվող Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային ծրագիրը զգալիորեն նվազեցրել է կարճաժամկետ հեռանկարում ռազմական էսկալացիայի ռիսկերը, սակայն պահպանվում է անորոշությունը հաջող ավարտին հասնելու ուղու վերաբերյալ՝ ներառյալ պոտենցիալ սահմանադրական հանրաքվեն։ Բացի այդ, Ռուսաստանի հետ հարաբերություններում աճ արձանագրած դիվանագիտական լարվածությունը ռիսկեր է ստեղծում հայկական տնտեսության համար՝ հատկապես հաշվի առնելով դրա զգալի կախվածությունը ռուսական էներգակիրների ներկրումից», – ասվում է զեկույցում։

Վարկանիշի առանցքային գործոնները

Ընտրությունների արդյունքները աջակցում են քաղաքականության շարունակականությանը


Վարչապետ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է 2026 թ.-ի հունիսի ընտրություններում, ինչը վկայում է քաղաքականության լայն շարունակականության մասին՝ ներառյալ ավելի սերտ հարաբերությունները Արևմուտքի հետ, բայց չի հավաքել ձայների երկու երրորդի մեծամասնությունը, որն անհրաժեշտ է սահմանադրության մեջ միակողմանի փոփոխություններ կատարելու համար։

«Ղարաբաղին վերաբերող Սահմանադրական հղումների հեռացումը Ադրբեջանի հետ պայմանագրի պայմանն է և, հավանաբար, կպահանջի հանրաքվեի անցկացում, հնարավոր է՝ 2027 թ.-ին, ինչը խաղաղության գործընթացում շարունակվող անորոշության աղբյուր է», – նշում են Fitch-ի վերլուծաբանները։

Լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում

Ռուսաստանը Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է և արտոնյալ պայմաններով մատակարարում է ներկրվող բնական գազի ավելի քան 80%-ը։ Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի ապրանքների արտահանման 35%-ը. վերջերս այն սահմանափակումներ է մտցրել հայկական սննդամթերքի ներմուծման և տարանցման վրա և սպառնացել է դադարեցնել արտոնյալ առևտուրը էներգակիրների և չմշակված ադամանդների մասով՝ ի պատասխան ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ուղու։

«Քանի որ գազը բավարարում է էներգիայի պահանջարկի 61%-ը, մատակարարումների դադարեցումը կամ գների բարձրացումը կարող է բացասաբար ազդել մակրոտնտեսական, հարկաբյուջետային և արտաքին հաշվեկշիռների վրա», – ասվում է զեկույցում։

Աճի ուժեղ հեռանկարներ

«Հայաստանի տնտեսությունն աճել է 7,1%-ով 2025 թ.-ին՝ մի քանի տարի տևած նույնքան ուժեղ աճից հետո։ Մենք կանխատեսում ենք իրական ՀՆԱ-ի աճի դանդաղում մինչև 5,2% 2026 թ.-ին, բայց այն կմնա զգալիորեն բարձր «BB» վարկանիշ ունեցող երկրների մեդիան արժեքից, որը կազմում է 2,9%։ Նավթից Հայաստանի ցածր կախվածությունը սահմանափակում է նրա ազդեցությունը Իրանի պատերազմի վրա, սակայն ռուսական ներմուծման սահմանափակումների ազդեցությունը մնում է անորոշ։ Կառավարությունը և ԵՄ-ն արտահանողներին առաջարկում են ֆինանսական աջակցություն և սակագնային արտոնություններ՝ հետևանքները մեղմելու համար», – նշել են գործակալությունում։

Fitch-ը կանխատեսում է միջնաժամկետ աճի կայունացում մոտ 5% մակարդակում, քանի որ առաջարկի կողմից վերջին շոկերը մարում են, ինչը կաջակցվի ՏՀՏ դինամիկ հատվածով և Ամուլսարի ոսկու հանքի շահագործմամբ։

«Մի քանի խոշորամասշտաբ ենթակառուցվածքային ներդրումային նախագծեր կարող են ապահովել լրացուցիչ երկարաժամկետ աճի պոտենցիալ, ներառյալ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ միջանցք, որը միացնում է Ադրբեջանը իր Նախիջևան էքսկլավի և այնուհետև Թուրքիայի հետ», – ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ արհեստական բանականության տվյալների մշակման նոր կենտրոն ստեղծելու ծրագրերն ընդլայնվել են, իսկ ներդրումների ծավալը պոտենցիալ կարող է հասնել ՀՆԱ-ի 12%-ին։

Խաղաղության համաձայնագրի կայուն իրականացումը և Թուրքիայի հետ սահմանի վերաբացումը կարող են լրացուցիչ թափ հաղորդել աճին՝ ներդրումների, արտահանման և զբաղվածության ավելացման հաշվին։

Կարճաժամկետ գնաճային ճնշում

Fitch-ն ակնկալում է, որ գնաճը 2026 թ.-ին կկազմի միջինը 4,4%, որից հետո աստիճանաբար կվերադառնա նպատակային 3% մակարդակին։

«Վերընթաց գնաճային միտումը սկսվել էր դեռ մինչև Իրանում պատերազմը և պայմանավորված էր սննդամթերքի, ծառայությունների գներով և համընդհանուր առողջապահության ծախսերով։ Ռուսական ներմուծման սահմանափակումները կարող են մեծացնել որոշ ապրանքների ներքին առաջարկը, ինչը կունենա դեզինֆլյացիոն ազդեցություն։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը ժամանակավորապես կբարձրացնի իր հիմնական դրամավարկային քաղաքականության դրույքաչափը 25 բազիսային կետով՝ հասցնելով 6,75%-ի», – նշում են գործակալության վերլուծաբանները։

Ֆիսկալ գերակատարում, սակայն ռիսկերը պահպանվում են

«Պետական կառավարման հատվածի պակասուրդը 2025 թ.-ին կազմել է ՀՆԱ-ի 3,7%-ը, ինչը ցածր է բյուջեով պլանավորված մակարդակից, բայց բարձր է «BB» վարկանիշ ունեցող երկրների մեդիան արժեքից (2,8%)։ Մենք կանխատեսում ենք փոքր-ինչ ավելի բարձր պակասուրդ 2026 թ.-ին՝ կառավարության բյուջեի վերանայված թիրախային ցուցանիշին համապատասխան», – ասվում է զեկույցում։

Ընթացիկ ծախսերի աճը մնում է բարձր  առողջապահական ծախսերի աճի պատճառով, ինչը պայմանավորված է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրմամբ, և ավելի բարձր կենսաթոշակներով: Սա մասնակիորեն փոխհատուցվում է պաշտպանության և անվտանգության ծախսերի նվազմամբ:

Միջնաժամկետ հեռանկարում Fitch-ը կանխատեսում է պակասուրդի կրճատում մինչև ՀՆԱ-ի 3,4%-ը՝ մինչև 2028 թվականը, ինչը բարձր է պակասուրդի գծով կառավարության միջնաժամկետ թիրախային ցուցանիշից (ՀՆԱ-ի 2,8%-ի մակարդակում):

Ընդհանուր առմամբ կայուն պարտք

«Պետական կառավարման հատվածի պարտքը 2025 թվականի վերջին նվազել է մինչև ՀՆԱ-ի 47,2%-ը, ինչը ցածր է «BB» վարկանիշ ունեցող երկրների միջին ցուցանիշից (51,6%): Մենք ակնկալում ենք, որ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը ընդհանուր առմամբ կմնա կայուն, քանի որ անվանական ՀՆԱ-ի ուժեղ աճը փոխհատուցում է փոքր առաջնային պակասուրդները, ընդ որում՝ հնարավոր է որոշակի տատանողականություն արտարժույթի փոխարժեքների շարժի հետևանքով: Մենք ակնկալում ենք, որ 2026–2028 թվականներին ֆինանսավորման պահանջմունքները կծածկվեն ներքին աղբյուրների, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ վարկատուների հաշվին»,— նշվում է զեկույցում:

Արտաքին բուֆերների բարելավում՝ չնայած ավելի թույլ արտաքին դիրքին

Ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդը 2025 թվականին 4,6%-ից ավելացել է մինչև ՀՆԱ-ի 7,2%-ը, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է «BB» վարկանիշ ունեցող երկրների միջին ցուցանիշը: Սա արտացոլում է ավելի ուժեղ ներքին պահանջարկը, տարանցիկ առևտրի նորմալացումը և զբոսաշրջությունից ստացվող ավելի թույլ եկամուտները: Ընթացիկ  գործառնությունների հաշվի պակասուրդի ֆինանսավորման մի մասը կապված է արտաքին բանկային փոխառությունների հաշվին ֆինանսավորվող որոշ ներդրումների հետ, սակայն միջազգային ֆինանսական հաստատությունների մասնակցությունը՝ որպես ֆինանսավորման աղբյուր, օգնում է մեղմել ռիսկերը:

«Մենք կանխատեսում ենք, որ ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդը կկրճատվի 2026–2028 թվականներին, բայց կմնա ավելի բարձր, քան համադրելի երկրներինը»,— նշում են Fitch-ի վերլուծաբանները:

Արժութային պահուստները մայիսի վերջին հասել են ռեկորդային 5,9 միլիարդ ԱՄՆ դոլարի, քանի որ ՀՀ Կենտրոնական բանկը ներքին շուկայում ԱՄՆ դոլար էր գնում: Ներմուծման բարձր պահանջները նշանակում են, որ պահուստներով ընթացիկ արտաքին վճարումների ծածկույթը մինչև 2028 թվականը կմնա 3,6 ամսվա մակարդակում, ինչը ցածր է «BB» վարկանիշ ունեցող երկրների միջին ցուցանիշից (4,5 ամիս):

Բանկային հատվածի կայունություն

Մասնավոր հատվածի վարկավորման աճը պահպանվել է բարձր մակարդակում՝ 2026 թվականի առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով կազմելով 21,7%: Ֆինանսական կայունության ռիսկերը մեղմվում են կապիտալի և իրացվելիության գծով բանկերի ուժեղ դիրքերով: Շահութաբերությունը մնացել է բարձր՝ չնայած Ռուսաստանից արտակարգ ֆինանսական ներհոսքերի նվազմանը, ինչը լրացուցիչ բուֆեր է ապահովում պոտենցիալ ցնցումների դեմ: Ավանդների դոլարիզացումը շարունակում է նվազել՝ մայիսին հասնելով 42,4%-ի՝ կարգավորող միջոցառումների, դրամի նկատմամբ մեծ վստահության և արժույթի ամրապնդման արդյունքում:

Վարկանիշերի զգայունություն

Գործոններ, որոնք կարող են՝ առանձին-առանձին կամ միասին, հանգեցնել վարկանիշի բացասական փոփոխության / վարկանիշի նվազեցման.

  • Կառուցվածքային. աշխարհաքաղաքական ռիսկեր, որոնք խաթարում են քաղաքական և տնտեսական կայունությունը. օրինակ՝ Ադրբեջանի հետ ընթացիկ խաղաղության գործընթացի տապալումը կամ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության էսկալացիան:
  • Արտաքին ֆինանսներ. արտաքին խոցելիության ավելացում՝ ընթացիկ հաշվի կայուն խոշոր պակասուրդի կամ արժութային պահուստների ոլորտում ձեռքբերումների կորստի պատճառով:
  • Պետական ֆինանսներ. մակրոտնտեսական կամ քաղաքական իրադարձություններ, որոնք պետական կառավարման հատվածի պարտքը տեղափոխում են աճող հետագծի վրա:

Գործոններ, որոնք կարող են՝ առանձին-առանձին կամ միասին, հանգեցնել վարկանիշի դրական փոփոխության / վարկանիշի բարձրացման.

  • Կառուցվածքային. աշխարհաքաղաքական ռիսկերի կայուն նվազում. օրինակ՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում զգալի առաջընթացի և Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության թուլացման արդյունքում:
  • Պետական ֆինանսներ. ֆիսկալ կուրսի շարունակում, որը պահպանում է պետական կառավարման հատվածի պարտքի կայուն կամ նվազող հետագիծը:
  • Մակրոտնտեսական. աճի բարձր տեմպերի պահպանում, որոնք մեծացնում են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն և չեն հանգեցնում մակրոտնտեսական անհավասարակշռության:
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը (ՎԻԴԵՈ)

Քույրեր Աննան և Անին տասը տարի առաջ ստեղծեցին Jasmine Home-ը՝ շուկային առաջարկելով տեքստիլի տասնյակ բարձրորակ պարագաներ՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և բազմաթիվ այլ արտադրատեսակներ։

Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր  (ՎԻԴԵՈ)

Իդրամն ու «Ծնողական համայնք» ՀԿ-ն համագործակցում են արդեն երկրորդ տարին՝  նպատակ ունենալով աջակցել ընտանիքներին և նպաստել ավելի գիտակից ու ֆինանսապես գրագետ սերնդի ձևավորմանը։

ՀՀ-ում ոչ ռեզիդենտների ներդրումները դրամային պարտատոմսերում գրեթե կրկնապատկվել են. ԿԲ

 Հայաստանի կապիտալի շուկայում օտարերկրյա ներդրումների ակտիվացման բավականին հետաքրքիր պատկեր է նկատվում, CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը։

Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել (ՎԻԴԵՈ)

Գառնիում երիտասարդ ամուսիններ Նարեկ Սարգսյանն ու Ռուզաննա Դանիելյանը 3 տարի առաջ սեփական ուժերով ստեղծեցին իրենց «մեղրի մոլորակը»՝ Bee Planet-ը

Շուկայի կապիտալիզացիան հունիսին աճել է 7,43%–ով՝ գերազանցելով 492,7 մլրդ դրամը․ ՀՖԲ

Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է ավելի քան 213․3 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 492․7 մլրդ ՀՀ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img