ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ։ Հենց այս օրակարգով հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվեց առաջին NVB Frontier Forum-ը՝ միջազգային փակ ձևաչափով համաժողով, որը համախմբեց ներդրողների, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, հիմնադիրների և ոլորտային փորձագետների։
New Venture Brokerage-ի նախաձեռնությամբ կազմակերպված ֆորումի առանցքում էին տեխնոլոգիաների կիրառման և շուկա դուրս բերելու հնարավորությունները, անհրաժեշտ ենթակառուցվածքները և մասնավոր կապիտալի ներգրավման հնարավորությունները։
Տիեզերքը՝ պետականից դեպի մասնավոր կապիտալ

Ֆորումի առանցքային թեմաներից մեկը տիեզերական տնտեսությունն էր։ Ոլորտում մասնավոր հատվածի ակտիվացումը նոր ներդրումային հնարավորություններ է ստեղծում, քանի որ տիեզերական տեխնոլոգիաներն այլևս զարգանում են ոչ միայն պետական ծրագրերի, այլև առևտրային ընկերությունների միջոցով։
Manifest Space-ի գլխավոր տնօրեն Նիք Օրենշտեյնի խոսքով՝ տիեզերական ոլորտն այսօր այն փուլում է, երբ մասնավոր ներդրումները կարող են ուղղվել նաև առևտրային ընկերություններին։
«Նախկինում տիեզերական ոլորտում գործող կազմակերպությունները հիմնականում լուծումներ էին տրամադրում կառավարություններին։ Այժմ, երբ ոլորտում ավելի շատ մասնավոր ընկերություններ են գործում, ստեղծվում է նաև մասնավոր ներդրումների հնարավորություն։ Բացի այդ, այդ ընկերությունները միջազգային են, հետևաբար ներդրողները հնարավորություն ունեն մասնակցելու տարբեր երկրներում ստեղծվող ընկերությունների զարգացմանը»։
Տիեզերական տեխնոլոգիաների ուղղությամբ իրենց փորձը ներկայացրին նաև EOS Space Technology-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Շիմոն Դվորսկին և GEN Space-ի գործադիր տնօրեն Կապիտան Ստեֆան Ռեկկին։
AI-ի հաջորդ փուլը՝ ենթակառուցվածքները

Ֆորումի մյուս առանցքային ուղղությունը արհեստական բանականության ենթակառուցվածքներն էին։ Քննարկվեցին GPU հզորությունները, հաշվողական ենթակառուցվածքները, ներդրումները և AI լուծումների կիրառական զարգացումը։
Միջազգային փորձը ներկայացրեց NVIDIA-ի Omniverse ուղղության տնօրեն Դմիտրի Դուկան, իսկ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը՝ Firebird-ի տեխնիկական տնօրեն Հարութ Մարտիրոսյանը և Eleveight AI-ի տեխնիկական տնօրեն Արմեն Ռոստամյանը։
Ներդրումային բիզնեսը՝ Հայաստանից դեպի միջազգային շուկաներ
Ֆորումի կարևոր ուղերձներից մեկը Հայաստանի՝ որպես միջազգային ներդրումային և տեխնոլոգիական կենտրոնի ներուժն էր։
New Venture Brokerage-ի տնօրեն Մարիաննա Մովսեսյանը նշել է` «Ներդրումային ընկերության ուժը նրա կապերի մեջ է՝ ում հետ է խոսում և ինչ է լսում։

Մենք ամեն օր շփվում ենք ընկերությունների հիմնադիրների, ներդրումային ֆոնդերի ներկայացուցիչների և ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնող մասնագետների հետ։ Ոլորտների վերաբերյալ մեր պատկերացումները ձևավորվում են հենց այդ անմիջական շփումների արդյունքում, այլ ոչ միայն հաշվետվությունների ուսումնասիրության հիման վրա։
Ֆորումը հնարավորություն տվեց այդ փորձը փոխանցել նաև մեր հաճախորդներին ու գործընկերներին։ Մեկ օրվա ընթացքում նրանք անմիջականորեն լսեցին ոլորտի ներկայացուցիչներին՝ առանց միջնորդների, և սեփական եզրակացությունները կազմեցին՝ հիմնվելով առաջին ձեռքից ստացված տեղեկատվության վրա։»։

Այս տրամաբանությամբ NVB Frontier Forum-ը նաև հարթակ է՝ Հայաստանի տեխնոլոգիական և ներդրումային ներուժը միջազգային մասնագիտական համայնքին ներկայացնելու և Երևանից դեպի գլոբալ շուկաներ նոր կապեր ձևավորելու համար։
New Venture Brokerage-ը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է։ Ընկերությունը մասնավոր ներդրողներին, բիզնեսներին և ինստիտուցիոնալ հաճախորդներին հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել համաշխարհային ֆինանսական շուկաներում՝ մեկ հարթակում համադրելով հանրային և մասնավոր ներդրումային հնարավորություններն ու ֆինանսական ծառայությունները։






