ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրվող վարկերի պայմանները համապատասխանում են սպառողական վարկավորման ոլորտում գործող ՀՀ օրենքներին, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«Որոշ լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկի դիմաց ամսական սպասարկման գումարը գերազանցում է ամսեկան տոկոսադրույքը և մայր գումարի մարման գումարը: ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ վերը նշվածը չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրությունում:
Բանկի և հաճախորդի կողմից կնքվող վարկային պայմանագրերը ներառում են վարկային պարտավորությանը վերաբերվող բոլոր պայմանները, այն է՝ ժամկետ, գումար, անվանական տոկոսադրույք, փաստացի տոկոսադրույք, կոմիսիոն վճարներ և այլն: Ինչպես նաև, որպես վարկային պահմանագրի հավելված, հաճախորդին տրամադրվում է վարկային պարտավորության մարման ժամանակացույց, որտեղ հստակ ներկայացված են վարկի՝ ըստ ժամանակացույցի մարման ենթակա գումարների մանրամասները:
Համաձայն բանկում գործող սակագների, վարկի սպասարկման վճարը իր չափով չի կարող գերազանցել տոկոսների և մայր գումարի մարման ընդհանուր գումարին:
«Ինչպես նաև, 2015 թ-ի փետրվար ամսից սկսած, սպառողական վարկերի վարկային պայմանագրի և վարկի մարման ժամանակացույցի հետ միասին, հաճախորդներին տրամադրվում է նաև վարկի էական պայմանների ամփոփաթերթիկ, որտեղ ի հավելումն վարկային պայմանագրի, ևս մեկ անգամ նշվում են սպառողական վարկի էական պայմանները, մասնավորապես՝
– Վարկի վերաբերյալ դրական որոշման ամսաթիվը
– Վարկի անվանումը
– Վարկի գումար
– Վարկի ժամկետ
– Տարեկան անվանական տոկոսադրույք
– Վարկի փաստացի տոկոսադրույք
– Վարկի մարման ընդհանուր վճար /վարկի մայր գումար + տոկոսագումար + այլ վճարներ/
– Վարկի տոկոսագումարների ընդհանուր վճար
– Այլ վճարներ
– Վարկի սպասարկման վճարի դրույք և այլն»,-ասված է հաղորդագրությունում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրվող վարկերի պայմանները համապատասխանում են սպառողական վարկավորման ոլորտում գործող ՀՀ օրենքներին և վերոնշյալ բոլոր փաստաթղթերին ծանոթացումը, փաստաթղթերի ստացումը հաստատվում են հաճախորդի ստորագրությամբ:
Ապատեղեկատվության տարածումից խուսափելու և ստույգ տեղեկատվություն ստանալու համար բոլոր ԶԼՄ-ներին խնդրում ենք դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մամլո ծառայություն 51-37-49 (ներք. 34 12) հեռախոսահամարով կամ էլոկտրոնային փոստով` pr@vtb.am:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-