ԿԲ–ն գտնվում է օպերատիվ կառավարման փուլում կորոնավիրուսի ֆոնին. Մարտին Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկը ներկայումս իրականացնում է սցենարային վերլուծություններ և գտնվում է օպերատիվ կառավարման փուլում, որպեսզի հնարավորինս պատրաստ լինի դեպքերի ցանկացած զարգացման։

Այս մասին այսօր ԱԺ–ում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահի թեկնածու, ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանը։

ԱԺ–ն այսօր քննարկում է Գալստյանի թեկնածությունը ԿԲ նախագահի պաշտոնում։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» իշխող խմբակցությունն ու ստացել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հավանությունը։

«Կենտրոնական բանկի գործողությունները համահունչ են եղել ստեղծված իրավիճակին, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ անորոշությունը դեռևս շատ մեծ է», – հայտարարեց Գալստյանը։

Նրա խոսքով, Կենտրոնական բանկը դեռևս մարտի սկզբին առևտրային բանկերի ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկել էր հնարավոր զարգացումները՝ պայմանավորված վարկառուների ֆինանսական դիրքի հնարավոր վատթարացմամբ և հորդորել էր ցուցաբերել անհատական մոտեցում վարկառուներին և հետաձգել վարկերի վճարումները:

Պայմանավորվածության համաձայն կենտրոնական բանկը որոշակիորեն թուլացրել է ֆինանսական հաստատությունների կարգավորման ռեժիմը: Ինչպես նաև 6 ամիս ժամկետով երկարաձգվել է ընթացիկ մարումների ժամկետները՝ միջազգային ծրագրերով տրամադրված և ծրագրային հիպոթեքային վարկերի համար: Բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն է տրվել  ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկերի պայմանները (ժամկետայնությունը, տոկոսադրույք, արժույթ և այլն) վերանայել այնպես, որ առկա իրավիճակում վարկերի մարումների ուշացումները բացասաբար չանդրադառնան վարկառուների վարկային պատմության վրա, ինչպես նաև հնարավորինս չավելանա վերջիններիս վարկային բեռը:

«Փաստացի, համակարգը առանց պետության կողմից որևէ աջակցություն ակնկալելու առաջիններից էր, որը իր դերակատարումն ունեցավ ճգնաժամի հետևանքները մեղմելու գործում», – նշեց նա։

Գալստյանը հիշեցրեց, որ մարտի 17–ին Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կայացրեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

«Առաջին հայացքից բավականին օրինաչափ, սակայն ստեղծված իրավիճակում ոչ պահպանողական քայլ: Տարածաշրջանի շատ գործընկերներ, բախվելով ազգային արժույթների արժեզրկման ճնշումների, չգնացին այս ճանապարհով՝ Ռուսաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը չիջեցրեցին տոկոսադրույքը, իսկ Ղազախստանի կենտրոնական բանկը նույնիսկ ստիպված եղավ բարձրացնել այն», – ասաց նա։

Երրորդ կարևորագույն քայլը, ըստ խորհրդի անդամի, շուկաներում կայունության պահպանումն էր: Կենտրոնական բանկը հայտարարեց և համակարգին տրամադրեց իրացվելիության անհրաժեշտ քանակ՝ թե՛ ազգային արժույթով, և թե՛ արտարժույթով:

«Համակարգն այս պահին չունի իրացվելիության որևէ խնդիր, իսկ շուկաները գործում են բնականոն ռիթմով», – ասաց Գալստյանը։

Նրա խոսքով, քննարկվում է նաև բանկային գործունեության կարգավորման դաշտի ճշգրտման խնդիրը՝ մասնավորապես դիտարկվում է հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվը 1 տոկոսային կետով նվազեցնելու, ինչպես նաև իրացվելիության նորմատիվների ներդրման ժամկետը մինչև  2021 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու հնարավորությունը:

«Հարկ է նշել նաև, որ կենտրոնական բանկը բանկերի և վարկային կազմակերպությունների հետ աշխատում է ամենօրյա օպերատիվ կապի ռեժիմով, հնարավորինս արագ հավաքագրելով և հընթացս լուծում տալով ներկա իրավիճակի հետ կապված խնդիրներին», – հայտարարեց Գալստյանը։

Նրա խոսքով, ԿԲ–ի առանձնակի ուշադրության կենտրոնում է նաև կառավարության կողմից իրականացվող ծրագրերի փաթեթի իրագործումը:

«Կենտրոնական բանկի թեժ գիծը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, և քաղաքացիներին մտահոգող հարցերին փորձ է արվում տալ սպառիչ պատասխաններ, շատ հարցերի դեպքում կենտրոնական բանկը հանդիսանում է կամուրջ վարկատու-վարկառու հարաբերություններում», – ասաց նա։

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Ապրիլի 16–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1159 դեպք, առողջացել է 358 մարդ, 18 մարդ, ցավոք մահացել է։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img