Wed, 22 January
-7.9 C
Yerevan
USD: 398.84 RUB: 4.00 EUR: 412.80 GEL: 139.95 GBP: 488.34
spot_img

Հայբիզնեսբանկի շվեյցարական բաժնետերը նախատեսում է ներդնել 200 մլն դոլար. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայբիզնեսբանկի նոր բաժնետերը՝ շվեյցարական «ԷՄ ԷՖ ԷՄ Գլոբալ Ինվեստ» ՍՊԸ-ն, Բանկի կանոնադրական կապիտալում նախատեսում է կատարել շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Այս մասին, «ԱՌԿԱ» գործակալության հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայբիզնեսբանկի նոր բաժնետերերն են դարձել շվեյցարական «ԷՄ ԷՖ ԷՄ Գլոբալ Ինվեստ» ՍՊԸ-ն (75%) և «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող պետական վարկային կազմակերպությունը (25%) (հիմնադրվել է ԿԲ–ի կողմից): Հայբիզնեսբանկի նախկին սեփականատերերն էին քաղաքացիներ Վիտալի Գրիգորյանը՝ 95% մասնաբաժնով և Արսեն Միքայելյանը՝ 5%:

Ինչպես նշեցին ԿԲ-ից, գործարքը տեղի է ունեցել հին և նոր բաժնետերերի միջև, ուստի առավել մանրամասն տեղեկություններ, այդ թվում՝ Հայաստանում ներդրում կատարելու դրդապատճառների վերաբերյալ, ԿԲ-ից առաջարկեցին  ստանալ՝ դիմելով անմիջապես բաժնետիրոջը:

Ինչ վերաբերում է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող պետական վարկային կազմակերպության մասնակցությանը, ԿԲ-ից նշեցին, որ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ-ի կողմից Բանկի կապիտալում կատարված ժամանակավոր ներդրումը նպատակ է հետապնդել Բանկի զարգացման տեսլականի իրագործման միջոցով նպաստել ՀՀ ֆինանսական համակարգի, մասնավորապես հիփոթեքային շուկայի զարգացմանը, ինչը հանդիսանում է նաև ընկերության հիմնական առաքելությունը:

«Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ներդրումը կատարվել է ընկերության կուտակված շահույթի հաշվին, ինչի արդյունավետությունն ապահովվելու է Բանկի զարգացման տեսլականով նախանշված ծրագրերի կյանքի կոչմամբ, և ի թիվս այլոց», – նշեցին ԿԲ-ից:

Այն հարցին, թե ինչ պայմաններով են ձեռք բերվել բաժնետոմսերը, ԿԲ-ից նշեցին, որ ՎՎԿ-ն դարձել է Բանկի հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատեր՝ ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկի այլ բաժնետերերի հետ հավասար կարգավիճակով և նույն պայմաններով:

«Գործարքի վերաբերյալ այլ մանրամասները հանդիսանում են կողմերի առևտրային ու բանկային գաղտնիքը, և դրանց վերաբերյալ հարցումներն անհրաժեշտ է հասցեագրել գործարքի կողմերին», – ավելացրեցին ԿԲ-ից:

Գերատեսչությունից ձեռնպահ մնացին մեկնաբանել տեղեկություններ այն մասին, որ ԿԲ-ն կայունացնող վարկ է տրամադրել Հայբիզնեսբանկին՝ նշելով, որ դա բանկային և առևտրային գաղտնիք է:

«ՀՀ ԿԲ կողմից բանկերին վարկ տրամադրելու կամ չտրամադրելու, կամ վարկի տրամադրման հետ կապված գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը ֆինանսական համակարգի և տնտեսության համար զգայուն տեղեկատվություն է», – նշեցին ԿԲ-ից:

Նախկին նախարարի կարծիքը

Օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար և համահիմնադիր Մանե Թանդիլյանը զարմանք էր հայտնել այն բացառիկ փաստի կապակցությամբ, որ Կենտրոնական բանկը, փաստորեն, դարձել է առևտրային բանկի համասեփականատեր:

 Թանդիլյանը նշել է, որ Կենտրոնական բանկը չի կարող միջամտել բանկերի ընթացիկ գործունեությանը և հույս է հայտնել, որ ԿԲ-ն կտա պատշաճ մեկնաբանություն:

Հայաստանի բանկային հատվածում ստեղծված իրավիճակի մասին

Ավելի վաղ` 2021թ.–ի նոյեմբերի 15–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով Հայաստանում պրոբլեմատիկ բանկերի առկայության մասին հարցին` ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը նշել է, որ առանձին բանկերի ռիսկայնության, կամ ուժեղ և թույլ կողմերի գնահատման համար հիմք են հանդիսանում բանկի գործունեությունը բնութագրող տարատեսակ ֆինանսական ցուցանիշները, այդ թվում՝ հիմնական տնտեսական նորմատիվները:

«Կենտրոնական բանկը բանկերի ռիսկայնության առավել համապարփակ գնահատումը իրականացնում է նաև շատ ավելի լայն տեղեկատվության հիման վրա: Կարող ենք նշել, որ այս պահի դրությամբ բոլոր բանկերը գործում են նորմատիվային դաշտի ներքո», – ասել է նա։

2021թ.–ի դեկտեմբերի 14–ին կայացած ասուլիսի ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, չբացառեց բանկային համակարգում ֆինանսական ինստիտուտների ձուլման կամ նոր ինստիտուտների մուտքի հետ կապված գործարքները։ Գալստյանը պարզաբանեց, որ բանկերն իրենք են որոշումներ ընդունելու, «ԿԲ–ն չի գնա միաձուլման հարցում հարկադրող տարրերի ներդրման ճանապարհով»։

Այս պահին հանրապետությունում գործում է 17 առևտրային բանկ։ Հայաստանի բանկերի միության տվյալներով, 2021թ.–ին բանկային համակարգի ընդհանուր կապիտալը կազմել է 958մլրդ դրամ (7,6%–ի աճ), ակտիվներն` ավելի քան 7 տրիլիոն դրամ (6,7%–ի աճ), պարտավորությունները` մոտ 6,1 տրիլիոն դրամ (6,5%–ի աճ), վարկային ներդրումները` շուրջ 4 տրիլիոն դրամ (5,1%–ի անկում), ավանդները` ավելի քան 4 տրիլիոն դրամ (8,5%–ի աճ)։

Հայբիզնեսբանկի մասին

Հրապարակված հաշվետվությունների համաձայն, Հայբիզնեսբանկի շահույթը 2021թ.–ի արդյունքում, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է 70.31%–ով և կազմել 537,2մլն դրամ (1,8մլրդ դրամ` 2020թ.–ին)։ Ընդհանուր կապիտալն այդ ընթացքում կրճատվել է 4,7% –ով և կազմել մոտ 52,7մլրդ դրամ։ Ընդհանուր ակտիվներն այդ ընթացքում նվազել են 1,7%–ով` կազմելով 883,9մլրդ դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները կրճատվել են 1,5%–ով` կազմելով մոտ 831,2մլրդ դրամ։ Վարկային պորտֆելը նշված ժամանակահատվածում կրճատվել է 6,3%–ով և 2021թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել 610,2մլրդ դրամ։ Չաշխատող վարկերի մասնաբաժինը ընդհանուր պորտֆելում կազմել է 1,8%` 2020թ.–ի դեկտեմբերի 31–ին գրանցված 2,3%–ի համեմատ։

Ընդհանուր կապիտալի ադեկվատության մակարդակը նշված ժամանակահատվածում կրճատվել է` 13,0%–ից հասնելով 12,05%–ի, ԿԲ–ի կողմից սահմանված 12%–անոց նվազագույն նորմատիվի դեպքում։ Խոշոր փոխառուների մասով վարկային ռիսկի առավելագույն մակարդակը 2021թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է 499,12%`500% թույլատրված առավելագույն չափի դեպքում։ Լիկվիդայնության նորմատիվի մակարդակը տարվա ընթացքում մոտեցել է սահմանային մակարդակին։ Մասնավորապես, ակտիվների ընդհանուր գումար բարձր լիկվիդայնությամբ ակտիվների հարաբերակցությունը կազմել է 15.9%` 15.8%–ի համեմատ, ԿԲ–ի կողմից սահմանված 15% նվազագույն թույլատրված ցուցանիշի դեպքում։ Ցպահանջ պարտավորությունների նկատմամբ բարձր լիկվիդայնությամբ ակտիվների հարաբերակցությունը կազմել է 60.7%`   60.9%–ի համեմատ, ՀՀ ԿԲ–ի կողմից սահմանված 60% նվազագույն թույլատրված ցուցանիշի դեպքում։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Մասնաճյուղում առկա է նաև վճարային տերմինալ հաշվի համալրում, վարկի մարում կամ տարբեր ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար

«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (ՎԻԴԵՈ)

Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը «Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն ու քիմիական կարևոր տարրերը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 20 միլիոն դոլար և 7.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր է թողարկել

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 տարի է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` 3 ամիս

Դեկտեմբերին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը գրեթե 2%-ով ցածր է եղել մեկ տարի առաջվա ցուցանիշից

2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 396,5 դրամ՝ 2023 թվականի դեկտեմբերի 404,5 դրամի դիմաց

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

ПОПУЛЯРНЫЕ ТЕМЫ

ԵԱԶԲ․ Հայաստանում մեծանում է 2025 թ․–ի առաջին եռամսյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ընթացիկ ցիկլն ավարտելու հավանականությունը

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսում է գների աճի հետագա արագացում առաջիկա ամիսներին և գնաճի ձևավորում, որը մոտ է ՀՀ կենտրոնական բանկի թիրախին (3+/-1%)

«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (ՎԻԴԵՈ)

Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը «Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն ու քիմիական կարևոր տարրերը

Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Մասնաճյուղում առկա է նաև վճարային տերմինալ հաշվի համալրում, վարկի մարում կամ տարբեր ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 20 միլիոն դոլար և 7.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր է թողարկել

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 տարի է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` 3 ամիս

Դեկտեմբերին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը գրեթե 2%-ով ցածր է եղել մեկ տարի առաջվա ցուցանիշից

2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 396,5 դրամ՝ 2023 թվականի դեկտեմբերի 404,5 դրամի դիմաց

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել

Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ C360 Mastercard Standard, C360 Mastercard Gold, C360 Mastercard World Elite, Woman’s Card, Mastercard Standard, Mastercard Gold, Mastercard World Elite քարտապանների համար

UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում

Կոնվերս Բանկը միացել է UBPAY միջազգային համակարգին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Popular Categories

spot_imgspot_imgspot_img