«ՎիվաԱրմենիա» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի դոլարային պարտատոմսերը հուլիսի 15-ից ցուցակվում են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Ինչպես հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը, նախօրեին տեղի է ունեցել ավանդական բորսայական զանգի հնչեցման արարողությունը, որը խորհրդանշում է ընկերության պարտատոմսերի` բորսայում շրջանառության մեկնարկը։

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի պարտատոմսերը, ընդհանուր 80 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Ցուցակվել է 800,000 հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 7․65% արժեկտրոնային եկամտաբերությամբ (վճարման կիսամյակային պարբերականությամբ) և 36-ամսյա շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։

«Այս թողարկումն իր ծավալով ներկայումս ամենախոշորն է բորսայում շրջանառվող կորպորատիվ դոլարային պարտատոմսերի շարքում՝ ընդգծելով շուկայի աճի և տեղական ներդրումային հնարավորությունների ընդլայնման միտումը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի փետրվարի 12-ից մինչև հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջոցով։ Ընդ որում տեղաբաշխվել է թողարկված պարտատոմսերի ամբողջ ծավալը։ Ներդրողները հուլիսի 15-ից կարող են գործարքներ իրականացնել «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի պարտատոմսերով բորսայի առևտրային հարթակում՝ դիմելով բորսայի անդամ բանկերի կամ ներդրումային ընկերությունների։

«Վիվա Արմենիա»-ն իր շուրջ 20-ամյա գործունեության ընթացքում կարևոր դեր ունի Հայաստանի ՏՀՏ ոլորտների զարգացման գործում՝ սպասարկելով ավելի քան երկու միլիոն բաժանորդ ողջ երկրի տարածքում։

«Ուրախ ենք տեսնել կապիտալի շուկայի նման խոշոր խաղացողի՝ Viva-ի ակտիվ ներգրավվածությունը։ Սա կարևոր քայլ է, որը հաստատում է մեր շուկայի կարողությունները և բացում է նոր ներդրումային հնարավորություններ տեղական և միջազգային ներդրողների համար։ Նման թողարկումները մեծացնում են ֆինանսական համակարգի թափանցիկությունը և խթանում տնտեսության զարգացումը», – նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

«Պարտատոմսերի մասշտաբային թողարկմամբ կապիտալի շուկա դուրս գալը նոր փուլ է մեր ընկերության աճի ռազմավարության մեջ։ Այս ձեռքբերումն արտացոլում է Viva-ի կայուն ֆինանսական հիմքը, ինչպես նաև թափանցիկության, նորարարությունների և Հայաստանի թվային ապագայի մեջ երկարաժամկետ ներդրումներ կատարելու մեր հանձնառությունը։ Մենք hպարտ ենք, որ ներդրողներին հնարավորություն ենք տալիս համատեղ զարգացնել երկրի հեռահաղորդակցական և տեխնոլոգիական միջավայրը», – ասել է «ՎԻՎԱ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Իսկապես պատմական իրադարձություն է Viva-ի, Ամերիաբանկի և ընդհանրապես մեր երկրի կապիտալի շուկայի զարգացման համար։ Նման խոշոր ու կայուն ընկերության մուտքը կապիտալի շուկա քաղաքացիների համար ներդրումային որակապես նոր հնարավորություններ է ստեղծում։ Սա Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ դարձավ մասնավոր թողարկողի դոլարային պարտատոմսերի ամենախոշոր տեղաբաշխումը, որին, ի դեպ, մասնակցեցին աննախադեպ մեծ թվով ֆիզիկական անձ ներդրողներ՝ շնորհիվ Ամերիաբանկի MyInvest ներդրումային հարթակի»,- իր խոսքում նշել է Ամերիաբանկի Ներդրումային բանկինգի գծով տնօրեն Առնո Մոսիկյանը։

Ընկերությունը Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները ուղղելու է առկա վարկային պարտավորությունների վերաֆինանսավորմանը և/կամ կապիտալ և այլ ռազմավարական ներդրումների իրականացմանը:

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի պարտատոմսերի թողարկումը ներդրողներին առաջարկում է լրացուցիչ հնարավորություն դիվերսիֆիկացնելու իրենց ներդրումային պորտֆելները՝ միաժամանակ ներդրում կատարելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերության զարգացումը խթանող նախաձեռնությունների մեջ։

Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

Ընկերության պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել բացառապես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով՝ դիմելով բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկի կամ ներդրումային ընկերության, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով համապատասխան հայտ:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը

Ակբա բանկը և «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիան (FPAN) մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը։

Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանց

Յունիբանկում այսուհետ հնարավոր է անվճար պատվիրել աշխատավարձային քարտ՝ դիմելով առցանց

Հայաստանում հետվճարից արդեն օգտվում է ավելի քան 500 հազ․ քաղաքացի. նախարար

2026 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանում հետվճարի ծրագրից արդեն օգտվում է 531 հազար քաղաքացի, հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը

IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկեր (ՎԻԴԵՈ)

IDBank-ը «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերն էր, որ մեկ հարկի տակ էր միավորել ամենատարբեր ոլորտներում հաջողություն գրանցած առաջնորդ կանանց

Ակբա բանկը և ԷՖԵՍ-ը Հայաստանում եզակի ծառայություն են գործարկել (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը ներկայացրել են Հայաստանում եզակի ծառայություն՝ հաշիվների ապահովագրություն, որը հատուցում է կիբեռզեղծարարության հետևանքով հաճախորդների քարտերի կամ հաշիվների գումարների կորուստը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img