ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/ԱՌԿԱ/. Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում: Այս կարգավիճակն ապահովում է ուղիղ հասանելիություն Lloyd’s of London-ի շուկային, ինչը հաստատում է Հայաստանի ներկայությունը համաշխարհային ապահովագրական շուկայում:
Ինչպես հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, նման հեղինակավոր միջազգային շուկայում ներգրավվածությունը ոչ միայն վստահության բարձր մակարդակի վկայություն է, այլև լավ հնարավորություն՝ էապես բարձրացնելու ոլորտի ծառայությունների որակը և ձևավորելու ավելի բարձր չափանիշներ:
«Սա խթանում է նորարարական մոտեցումների ներդրումը, նպաստում մրցակցային և զարգացող միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև ամրապնդում է հաճախորդամետ մտածելակերպը՝ միաժամանակ հիմք նախապատրաստելով երկարաժամկետ արժեքների ստեղծման և կայուն զարգացման վրա հիմնված մշակույթի ձևավորման համար»,- ասել է նա:
Prime Insurance Brokers-ի գործադիր տնօրեն Սիրանուշ Յախշիբեկյանի խոսքով՝ Lloyd’s Broker-ի հավատարմագրումը ոչ միայն կորպորատիվ հաջողություն է ընկերության համար, այլև ինստիտուցիոնալ ձեռքբերում տարածաշրջանի համար:
«Դա մեզ թույլ է տալիս հանդես գալ գլոբալ հարթակում որպես միջազգային բրոքեր՝ հայկական, տարածաշրջանային և միջազգային ռիսկերը տեղաբաշխելով Lloyd’s-ի շուկայում»,- նշել է նա:
Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ Յախշիբեկյանը նշել է, որ ընկերության միջոցով Lloyd’s-ի շուկայում կարող են տեղաբաշխվել ինչպես ապահովագրության ավանդական դասեր, այդ թվում՝ գույքի, բեռների կամ պատասխանատվության ապահովագրություն, այնպես էլ զարգացած տնտեսություններին բնորոշ ռիսկեր:
Prime Insurance Brokers-ը, որը հայաստանյան շուկայում գործում է ավելի քան 30 տարի, մատուցում է մասնագիտացված ապահովագրական և վերաապահովագրական բրոքերային ծառայություններ բոլոր դասերով, ռիսկերի գնահատման, խորհրդատվության, ինչպես նաև վնասների կառավարման և կարգավորման ծառայություններ:
Lloyd’s-ը 300-ամյա պատմություն ունեցող համաշխարհային առաջատար ապահովագրական և վերաապահովագրական շուկա է, որն ապահովագրական լուծումներ է տրամադրում բարդ և լայնամասշտաբ ռիսկերի համար:






