ԱԺ–ն ընդունեց կրիպտոակտիվներով գործարքների կարգավորման օրենքում նախատեսված փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքներում նախատեսված փոփոխությունների փաթեթը։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը հիշեցրեց, որ 2025 թվականի հուլիսի 4-ին ուժի մեջ մտած «Կրիպտոակտիվների մասին» օրենքի համաձայն՝ կրիպտոակտիվների օգտագործմամբ ծառայությունների մատուցումը ենթակա է լիցենզավորման Կենտրոնական բանկի կողմից։

Նա պարզաբանեց, որ օրենքը նախատեսում է անցումային շրջան այն իրավաբանական անձանց համար, որոնք օրենքի ուժի մեջ մտնելու օրն արդեն մատուցում էին կրիպտոակտիվներով ծառայություններ։ Լիցենզավորումը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո այդ անձինք պետք է մեկ տարվա ընթացքում գրանցվեն և լիցենզավորվեն ԿԲ-ում` որպես կրիպտոակտիվների ծառայություն մատուցողներ։

Միևնույն ժամանակ, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 6.1 հոդվածի համաձայն, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, կրիպտոակտիվներով գործառնությունները պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ ձևով։

ԿԲ նախագահի տեղակալը նշեց, որ կիրառման ժամկետների անհամապատասխանությունը խնդիրներ է ստեղծում անցումային շրջանում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար։

«Փաստացի ստեղծվում է մի իրավիճակ, երբ նման անձինք դեռևս գրանցված և լիցենզավորված չեն Կենտրոնական բանկի կողմից, սակայն բոլոր գործառնություններն արդեն իսկ պետք է իրականացվեն անկանխիկ ձևով։ Սա նշանակում է, որ, մի կողմից, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողները պետք է հարաբերություններ հաստատեն բանկերի հետ՝ անկանխիկ գործառնություններն ապահովելու համար, իսկ մյուս կողմից՝ բանկերի համար խնդրահարույց է չլիցենզավորված ծառայություն մատուցողների սպասարկումը, քանի որ նրանք դեռևս չեն գործում օրենսդրությամբ սահմանված պահանջների շրջանակնւմ»,- ասել է Խաչատրյանը:

Նա պարզաբանել է, որ այս խնդրի լուծման նպատակով առաջարկվում է անցումային շրջանում թույլատրել կրիպտոակտիվներով կանխիկ գործառնությունների իրականացումը՝ պայմանով, որ գործարքի գումարը չի գերազանցում 300 հազարը։

Ընդ որում, նրա խոսքով, անկախ գործառնության գումարի չափից՝ ծառայություն մատուցողն իրականացնում է հաճախորդի պատշաճ նույնականացում, ինչպես նաև վարում է նման գործառնությունների համապատասխան հաշվառում։

Ինչպես նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, անցումային շրջանի շրջանակում՝ 2026 թվականի հունվարից մինչև 2027 թվականի հունվար, թույլատրվում է, որ կրիպտոակտիվները ձեռք բերվեն նաև կանխիկ՝ մինչև 300 000 դրամի չափով։ Նա նշել է, որ սա յուրօրինակ փոխզիջումային տարբերակ է, բայց նույնականացմամբ. այն անձինք, ովքեր իրականացնում են կրիպտոարժույթի առք կամ վաճառք, պարտադիր պետք է նույնականացվեն։

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին, ներկայումս աշխատանքներ են տարվում ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ։ Փաստաթուղթը սահմանում է կրիպտոակտիվներով առևտրի, ծառայությունների մատուցման և շուկայի նկատմամբ վերահսկողության կանոնները։ Նախատեսված կարգավորման մեխանիզմները թույլ են տալիս շուկա մուտք գործել միայն ստուգված և թափանցիկ ընկերություններին, ինչը պետք է պաշտպանի կրիպտոակտիվներ գնողների իրավունքները և բարձրացնի վստահությունը շուկայի նկատմամբ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img