Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը մայիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,21 տոկոսով՝ հասնելով 374,0 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առուվաճառքի ծավալը կազմել է 8,3 մլն ԱՄՆ դոլար, ինչը 38,1 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը չի փոխվել և շաբաթ օրը՝ մայիսի 21-ին, կազմել է 376,15 դրամ:

Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է գտնվել 370-380 դրամի սահմաններում և, ամենայն հավանականությամբ, կձգտի դիապազոնի վերին շեմին: Այս ամենի պատճառը ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ բարձր պահանջարկն է: ՀՀ ԿԲ մամուլի ծառայության ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 22,68 մլն ԱՄՆ դոլար, ինչը մոտավորապես երեք անգամ ավելI է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Ամենայն հավանականությամբ ԱՄՆ դոլարին լրացուցիչ աջակցություն կցուցաբերի առևտրային բանկերի պահանջարկը: ԱՄՆ դոլարի զուտ վաճառքի ծավալի ավելացման ֆոնի ներքո բանկերը պետք է բորսայում արտարժույթ գնեն՝ սեփական արտարժութային դիրքերը հավասարակշռության բերելու նպատակով:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի համար զսպող գործոն կարող են դառնալ ՀՀ ԿԲ-ի գործողությունները: Կարգավորիչի կողմից դրամի արժեզրկումը զսպելու շարժառիթներից մեկը երկրում գնաճի հետ կապված մտավախությունն է, որն առաջին չորս ամսվա ընթացքում արդեն կազմել է 5,0 տոկոս:

Այս ամենի կապակցությամբ մենք ենթադրում ենք, որ Հայաստանում այս շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 373-379 դրամի սահմաններում:

Հայկական արժութային շուկայում նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն աճեց 0,32 տոկոսով՝ հասնելով 1,4160-ի:

Նախորդ շաբաթվա սկզբում եվրոյին հաջողվեց դադարեցնել ԱՄՆ դոլարի ամրապնդումը եվրագոտուց ստացված դրական վիճակագրության և ԱՄՆ-ից ստացված բացասական վիճակագրության ֆոնի ներքո՝ կարողանալով հասնել շաբաթվա առավելագույն ցուցանիշին՝ 1,4345-ի: Եվրագոտում ապրիլին սպառողական գնաճի տեմպերը կազմել են 2,8 տոկոս՝ մարտին գրանցված 2,7 տոկոսի համեմատ, իսկ մարտին օտարերկրյա ներդրողների կողմից ամերիկյան երկարաժամկետ արժեթղթերի գնման զուտ ծավալը նվազել է մինչև 24 մլրդ դոլարի՝ փետրվարին գրանցված 27,2 մլրդ դոլարի համեմատ:

Սակայն եվրոյի գնանշմանն այդպես էլ չհաջողվեց պահպանել առավելագույն ցուցանիշը: Առևտրային շաբաթվա վերջում իրավիճակը բացասաբար փոխեց Fitch վարկանիշային գործակալության հայտարարությունը, որը հերթական անգամ նվազեցրեց Հունաստանի վարկային վարկանիշը՝ հասցնելով «В+»-ի՝ բացասական կանխատեսմամբ: Այս իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց առավելագույն ցուցանիշից, ինչի հետևանքով, շաբաթվա արդյունքներով, այս ցուցանիշը բարձրացավ 0,15 տոկոսով՝ հասնելով 540,18 դրամի:

Այս շաբաթ աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն ԱՄՆ-ում բնակարանների առաջնային շուկայի ապրիլյան տվյալների, երկարատև օգտագործման ապրանքների պատվերների ծավալի ապրիլյան տվյալների հրապարակումը, ինչպես նաև ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ծավալի նախատեսված տվյալները: Եվրագոտուց սպասվող նորություններից հետաքրքիր կլինեն IFO գերմանական ինստիտուտի կողմից հրապարակվող գործարար միջավայրի պայմանների ինդիկատորի տվյալները:

Եթե արդարանան ԱՄՆ ՀՆԱ-ի վերաբերյալ դրական կանխատեսումներն ու ամերիկյան մնացած վիճակագրությունը չհիասթափեցնի, ապա եվրոն կշարունակի անկում ապրել: Այս շաբաթ եվրոյի համար աջակցող շեմ կլինի 1,3850 մակարդակը: Իսկ եթե ԱՄՆ-ից ստացվի բացասական տնտեսական վիճակագրություն, ապա եվրոպական արժույթն աճի հնարավորություններ կունենա: Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում եվրոյի համար դիմադրության շեմ կարող է լինել 1,4400-ը: Նման հանգամանքներում այս շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 520-550 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,15 տոկոսով՝ հասնելով 13,58 դրամի: Այս ամենը պայմանավորված էր եվրոպական ծայրամասային երկրներում պարտքային ճգնաժամի ուժգնացման ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու արժեքի նվազմամբ և նավթի գների դադարեցված աճով:

ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքն այս շաբաթ կախված կլինի FOREX շուկայում հիմնական արտարժույթների նկատմամբ դոլարի դինամիկայից, ինչպես նաև նավթի գներից: Եթե համաշխարհային ֆինանսական շուկաներում տիրող անորոշության ուժգնացման ֆոնի ներքո դոլարի արժեքը շարունակի աճի, ապա ռուսական ռուբլին դրամի նկատմամբ կշարունակի նվազել: Հայաստանում առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,40-13,7 դրամի սահմաններում:

Միքայել Վերդյան, FOREX Club վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ի պետական պարտքը  միջնաժամկետ հեռանկարում կայուն կլինի 40%-ից փոքր-ինչ բարձր մակարդակում. S&P

Հայաստանի պետական պարտքը (բացառությամբ իրացվելի ակտիվների) միջնաժամկետ հեռանկարում ընդհանուր առմամբ կայուն կմնա ՀՆԱ-ի 40%-ից փոքր-ինչ բարձր մակարդակում: Այս մասին ասվում է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում

Հայաստանի պահուստների ռեկորդային աճը՝ մինչև 6,9 մլրդ դոլար, հունիսին ապահովել է բուֆեր բարձր աշխարհաքաղաքական ռիսկերի պայմաններում․ S&P

Վերլուծաբանները նշում են, որ աճը պայմանավորված է պետական եվրապարտատոմսերի թողարկմամբ, Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնումներով և արտերկրից զգալի ֆինանսական ու կապիտալի ներհոսքերով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 17–23)

Հայաստանի ֆինանսական շուկայի շաբաթվա առանցքային իրադարձությունների թվում են բանկային քոմփլայենսի նոր պահանջները, հաշիվների խարդախ օգտագործման դեմ ուղղված միջոցառումները և կապիտալի շուկայի զարգացման հետ կապված որոշումները

Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համար (ՎԻԴԵՈ)

Դավիթ Հովհաննիսյանի ստեղծած սեղանի խաղերի հաջողության պատմությունը սկսվել է տան հարևանությամբ գտնվող փոքրիկ ավտոտնակից։

S&P. Հայաստանում բանկային ոլորտը լավ կապիտալացված է և  բարձր շահութաբեր

Հայաստանում բանկային ոլորտը մնում է լավ կապիտալացված և բարձր շահութաբեր, ինչին նպաստում են բարձր զուտ տոկոսային եկամուտներն ու տնտեսական կայուն աճը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img