Պահանջարկ և հնարավոր խնդիրներ տնտեսությունում․ ԿԲ նախագահը նշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման պատճառն ու դրա նվազեցման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհրդի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին որոշումը հիմնականում պայմանավորված էր պահանջարկի գործոնների չափազանց դրսևորմամբ, «ԱՌԿԱ» գործակալության հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Բարդ ընտրություն

ՀՀ ԿԲ Խորհուրդը սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել բարձրացնել դրամավարկային քաղաքականության (ԴՎՔ) տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ հասցնելով 6,75%-ի:

Կարգավորողի հաղորդագրության համաձայն՝ Խորհուրդը դիտարկել է երկու տիպի սցենարներ: A տիպի սցենարները կապված են ներքին տնտեսությունում ավելի բարձր պահանջարկի առկայության, արտաքին պահանջարկի հետագա ընդլայնման և գնաճային սպասումների աճի ռիսկերի հետ, որոնք պահանջում են դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի ավելի բարձր հետագիծ՝ շուկայական սպասումների համեմատ:

B տիպի սցենարները կապված են համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի, դեպի ՌԴ արտահանման սահմանափակումների հետևանքով դեֆլյացիոն ռիսկերի ձևավորման և Հայաստանի երկրի ռիսկի պարգևավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են ԴՎՔ տոկոսադրույքի ավելի ցածր հետագիծ՝ շուկայական սպասումների համեմատ:

 Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով A տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական հետևանքների կառավարման անհրաժեշտությունը:

 «Տեղի ունեցավ Կենտրոնական բանկի Խորհրդի բավականին բարդ նիստ, որովհետև ձայները բաշխվեցին 4-ը 4-ի: Խորհրդի չորս անդամ գտնում էին, որ տոկոսադրույքը պետք է թողնել անփոփոխ: Խորհրդի չորս անդամ, ներառյալ ես, գտնում էինք, որ տոկոսադրույքը պետք է բարձրացնել: Այսինքն՝ տոկոսադրույքի բարձրացման մասին որոշումը բավականին բարդ էր, դրան նախորդել են շատ երկար քննարկումներ»,- նշեց Գալստյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Պահանջարկի արագացում

 ՀՀ ԿԲ նախագահը հիշեցրել է, որ հունիս-հուլիսին գնաճը պայմանավորված էր առաջարկի գործոններով:

«Այժմ մենք տեսնում ենք իրավիճակ, երբ և՛ ներքին պահանջարկը, և՛ արտաքին պահանջարկը՝ պայմանավորված Հայաստան ժամանող մարդկանց նոր ալիքով, հանգեցրել են մի իրավիճակի, որտեղ, օրինակ, այնպիսի ծառայությունների գները, որոնք չպետք է էապես փոխվեն և որոնք, հիմնականում, պայմանավորված են պահանջարկով, նորից սկսել են արագացման միտումներ ցուցադրել»,- պարզաբանեց նա:

Տնտեսությունում հնարավոր են խնդիրներ

Խոսելով ԿԲ-ի՝ տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությանը վերադառնալու պայմանների մասին՝ Գալստյանը նշեց, որ դրա համար պետք է ձևավորվի բացասական թողարկման ճեղքվածք (negative output gap, իրավիճակ, որի դեպքում տնտեսությունում արտադրության փաստացի ծավալը ցածր է լինում դրա պոտենցիալ մակարդակից, խմբ.):

«Այլ կերպ ասած՝ պետք է առաջանա իրավիճակ, որի դեպքում մեր տնտեսական աճը էապես կդանդաղի, և նման սցենարներ գոյություն ունեն. այսինքն՝ կարող է առաջանալ իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունում աճի այս երկար տարիներից հետո տնտեսությունում ի հայտ գան որոշակի խնդիրներ», – ասաց նա։

 ԿԲ նախագահի խոսքով՝ եթե այդ խնդիրներն ի հայտ գան և սկսեն նյութականանալ B տիպի սցենարները՝ ինչպես համաշխարհային տնտեսության կողմից տնտեսական աճի թուլացման հետևանքով, այնպես էլ անմիջապես Հայաստանում, կարգավորողը կարձագանքի հակառակ ուղղությամբ:

Այս պահին, ինչպես նշեց Գալստյանը, Խորհրդի հիմնական մտահոգությունը կապված է A տիպի սցենարների իրականացման հետ:

ԿԲ տվյալներով՝ 2026 թվականի II երկամսյակում Հայաստանում տնտեսական աճն արագացել է՝ գերազանցելով երկարաժամկետ կայուն մակարդակը: Աճի մեջ նշանակալի ավանդ շարունակել են ունենալ շինարարության ոլորտը և ծառայությունների ոլորտը, ինչը ցույց է տալիս ավելցուկային պահանջարկի առկայությունը: Այն արտահայտվում է նաև վերջնական սպառման ապրանքների ներմուծման և մանրածախ առևտրի աճի բարձր տեմպերով:

 Ավելին, նկատվում են արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ, որոնք արտահայտվում են առավելապես դեպի Հայաստան այցելությունների թվի նշանակալի աճով: Սա ձևավորում է համապատասխան ոլորտներում աշխատավարձերի աճի և ծառայությունների գների արագացման էական ռիսկեր:

Մյուս կողմից, պահպանվում են դեպի ՌԴ արտահանման սահմանափակումների հետևանքով ներքին շուկայում ավելցուկային առաջարկի ձևավորման, ինչպես նաև սպառողական և ներդրումային վստահության թուլացման ռիսկերը:

ԿԲ-ի «բազեական» դիրքորոշումը և շուկայի մասնակիցների սպասումները

ԿԲ նախագահի գնահատմամբ՝ տնտեսությունում նկատվող «բումը» վկայում է այն մասին, որ պահանջարկը գերազանցում է տնտեսության պոտենցիալ հնարավորությունները:

Նա նշեց, որ ԿԲ-ն որոշակի տարաձայնություններ ունի շուկայի մասնակիցների հետ: Չնայած ավելցուկային պահանջարկի նշաններին, գրեթե բոլոր ակտիվների, այդ թվում՝ անշարժ գույքի գների աճին և թիրախային մակարդակից բարձր պահպանվող գնաճին, շուկան սպասում էր, որ կարգավորողը կշարունակի նախկին դրամավարկային քաղաքականությունը:

ԿԲ տվյալների համաձայն՝ ընթացիկ մակրոտնտեսական միտումների պայմաններում Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում սպասում են, որ առաջիկա տարվա ընթացքում ԿԲ-ն կպահպանի դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը ընթացիկ մակարդակում, իսկ միջնաժամկետ հեռանկարում կնվազեցնի այն մինչև 6,25%:

«Այսօր Կենտրոնական բանկի Խորհուրդը որոշեց զբաղեցնել ավելի «բազեական» դիրքորոշում»,- ընդգծեց ԿԲ նախագահը։

ՀՀ ԿԲ տոկոսադրույքի նվազեցման ցիկլը սկսվել էր 2023 թվականի օգոստոսին, երբ կարգավորողը նվազեցրեց այն 10,75%-ից մինչև 10,5%: Հետագայում տոկոսադրույքը փուլ առ փուլ նվազեցվեց և 2025 թվականի դեկտեմբերին հասավ 6,5%-ի, որից հետո պահպանվում էր այդ մակարդակում: Սեպտեմբերի 15-ի որոշումը դարձավ տոկոսադրույքի առաջին բարձրացումը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

IDBank-ը, Visa-ն և Wizz Air-ը Հայաստանում ներկայացնում են  ճամփորդական նոր արտոնությունները (ՎԻԴԵՈ)

IDBank-ը, առաջինը ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում, ներկայացնում է նոր Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտը։

ՀՀ Կենտրոնական բանկը գրեթե 4 տարվա մեջ առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ հասցնելով 6,75%-ի

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի  կայացրած նիստում որոշել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ հասցնելով 6,75%-ի

Հայաստանի պետական պարտքն առաջին կիսամյակում կազմել է 5,1 տրլն դրամ, անկումը՝ 3,5%․ Ֆիննախ

Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5,12 տրլն դրամ՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 5,30 տրլն դրամի համեմատ, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ԿԲ-ն նշել է կրիպտոակտիվների կարգավորման առանցքային սկզբունքը՝ գնահատելով ռիսկերը

ՀՀ Կենտրոնական բանկը թվային և վիրտուալ ակտիվները կարգավորելիս հավատարիմ է «նույն ռիսկը — նույն կարգավորումը» (same risk, same regulation) սկզբունքին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img