Ռուսաստանը կխստացնի ԵԱՏՄ երկրներ կանխիկ ռուբլու և ոսկու դուրսբերման սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՌԴ նախագահի հրամանագիրը, որն ապրիլի 1-ից սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ կանխիկ ռուբլու և ոսկու արտահանման վրա, շուտով կխստացվի, քանի որ դա պահանջում է պրակտիկան: Այս մասին Միջազգային բանկային ֆորումում հայտարարել է ՌԴ ԿԲ ֆինանսական մոնիթորինգի և արժութային վերահսկողության ծառայության ղեկավար Բոգդան Շաբլյան:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հրամանագրի համաձայն՝ ֆիզիկական անձանց արգելվում է Միության երկրներ արտահանել ԿԲ-ի ընթացիկ փոխարժեքով 100 հազար դոլարին համարժեք գումարը գերազանցող ռուբլի: Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն ապրիլից չեն կարող արտահանել արժույթ՝ անկախ գումարի չափից: Հրամանագիրը նաև մայիսից ընդհանուր առմամբ արգելում է ֆիզիկական անձանց Ռուսաստանից արտահանել 100 գրամից ավելի ընդհանուր քաշով ձուլակտորներ: Սահմանափակումները նախատեսում են բացառություններ մի շարք դեպքերում։

«Հրամանագիրն իսկապես շատ կարևոր է, շատ լուրջ: Հույս ունենք, որ առաջիկայում այն նույնպես կլրամշակվի և կփոխվի, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ այս ուղղությամբ պետք է էլ ավելի շատ կարգուկանոն հաստատել»,- ասել է Շաբլյան:

Նախագահի հրամանագիրը բացառություն է անում սահմանափակումներից, եթե արժույթի արտահանումն իրականացվում է կառավարության կողմից սահմանված Ռուսաստանի միջազգային օդանավակայանների միջոցով՝ դրանք տրամադրած վարկային կազմակերպության կողմից վավերացված բանկային քաղվածքների առկայության դեպքում, որոնք հաստատում են արժույթն արտահանող ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի բանկային հաշիվներից (ավանդներից) ռուսական ռուբլու կանխիկացումը:

«(Հրամանագրի նորման — խմբ.) գերազանցող գումարի համար պահանջվում են հաստատող փաստաթղթեր՝ բանկային քաղվածքների տեսքով այն մասին, որ նախկինում այդ միջոցներն այսպես թե այնպես անցել են բանկային համակարգով, հանվել են հաշվից, ստացվել են վարկի կամ միկրոֆինանսական կազմակերպության փոխառության տեսքով: Այսինքն՝ դարձյալ նրա համար, որ ֆինանսական կառույցի ձեռքով իրականացված լինի նույնականացում և հաստատված լինեն դրամական միջոցների ծագման աղբյուրները: Ինչո՞ւ եմ սա հիշատակում: Որովհետև մենք բախվում ենք նրան, որ ներկայացվող փաստաթղթերը միշտ չէ, որ կարող են լիարժեքորեն նույնականացվել»,- ասել է ՌԴ Ֆինանսների նախարարության ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Յակովլևը:

Նրա խոսքով՝ արձանագրվում են չարաշահման դեպքեր, երբ միևնույն փաստաթղթերը փորձում են օգտագործել կանխիկ դրամական միջոցների մի քանի խմբաքանակների արտահանման համար:

«Ուստի այստեղ մենք Կենտրոնական բանկի հետ նպատակադրված ենք Դաշնային մաքսային ծառայության հետ համատեղ աշխատանք տանել, որպեսզի ստեղծվի միասնական տեղեկատվական կորպուս, որը թույլ կտա, առաջին հերթին, ստուգել այդ փաստաթղթերի հավաստիությունը, և, երկրորդ հերթին, հետևել մեկ փաստաթղթի օգտագործմամբ կանխիկ դրամական միջոցների արտահանման կատարված փաստերին և չթույլատրել դրա կրկնակի օգտագործումը»,- ավելացրել է նա:

Ինչպես լրագրողներին պարզաբանել է Յակովլևը, հրամանագրում նախատեսվող փոփոխություններն ուղղված են գործառնական արդյունավետության բարձրացմանը: Նա ձեռնպահ է մնացել մեկնաբանել սահմանափակումների շեմային արժեքների փոփոխությունները:

ԵԱՏՄ անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img